ՆԱՍԱ-ն ծերացման գործընթացը դանդաղեցնող դեղամիջոցը կփորձարկի մարդկանց վրա. լրատվամիջոցներ
ՆԱՍԱ-ն (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) պատրաստվում է տիեզերագնացների վրա փորձարկել նորարարական դեղամիջոցը, որը հնարավորություն կտա վերականգնել վնասված ԴՆԹ-ն ու դանդաղեցնել ծերացման գործընթացը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, դեղամիջոցն առայժմ փորձարկվել է միայն մկների վրա՝ Նոր Հարավային Ուելսի համալսարանում: Ստացված արդյունքներն այնքան տպավորիչ են եղել, որ գրավել են ՆԱՍԱ-ի գիտնականների ուշադրությունը:
Հայտնի է, որ ՆԱՍԱ-ն դեղամիջոցի փորձարկումները կսկսի կես տարուց: Այն փորձարկվելու է դեպի Մարս պատմական թռիչքին պատրաստվող տիեզերագնացների վրա: Ենթադրվում է, որ նորույթը թույլ կտա որոշ չափով պաշտպանել տիեզերագնացներին տիեզերական ճառագայթումից:
Գիտնականների փոխանցմամբ՝ եթե մարդկանց վրա փորձարկումը բարեհաջող ավարտվի, դեղամիջոցը վաճառքում կհայտնվի 5 տարուց:










