Ցուցակագրումը կազմակերպչական աշխատանք է, որը կատարում են ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը. Հերմինե Նաղդալյան

12:52 • 25.03.17

Երեկ հրապարակված ձայնագրությունները, որտեղ մի շարք դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններ խոստովանում են, որ ցուցակներ են ուղարկել Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական շտաբ, ուսումնասիրվել են ՀՀԿ–ի կողմից: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը` նշելով, թե ՀՀԿ-ի երեկվա տարածած հայտարարությունն ամենևին էլ նպատակ չուներ որևէ բան հերքել։

Վերջինս ասաց, թե ցուցակագրումն ամենևին էլ բացասական երևույթ չէ, դա կազմակերպչական աշխատանքի մի մաս է:

«Այս օրերի ընթացքում հենց ընտրարշավի սկզբից, անընդհատ տարածվեցին մտքեր, թե ցուցակագրում են, ցուցակներ են կազմում: Որևէ ընտրության համար որևէ քաղաքական ուժ, քաղաքական գործիչ, եթե պիտի լրջորեն մասնակցի ընտրական գործընթացին, բնականաբար, անհրաժեշտություն ունի որպես կազմակերպչական աշխատանք կատարելու և ցուցակագրումներ, և իր էլեկտորատ հանդիսացող մարդկանց հետ աշխատանքներ կատարելու, որը կարելի է մի բառով անվանել ցուցակագրում»,– ասաց նա:

«Ցուցակագրում ասելիս պատկերացնում ենք, որ կան նեգատիվ բաներ, վարչական ռեսուրսի չարաշահում, բայց ես ուզում եմ ասել, որ դա կազմակերպչական աշխատանք է, որը կատարում են բոլոր քաղաքական ուժերը, բոլոր անհատները, որոնք առաջադրված են, որովհետև այլ կերպ դու քո կազմակերպչական աշխատանքը կատարել չես կարող, եթե ուզում ես արդյունավետ աշխատել»,- մանրամասնեց Հերմինե Նաղդալյանը:

ԱԺ փոխնախագահը նշեց, թե ցուցակագրումն անձնագրեր հավաքելը կամ ռեսուրսներ չարաշահելը չէ: «Նախկին հնարավորությունները՝ վարչական ռեսուրս օգտագործել, մարդուն ստիպել քվեարկել այսպես կամ այնպես, որոշում պարտադրել, բոլոր նախկին հնարավորությունները՝ «կարուսելը», քվեաթերթիկը դուրս հանելը, նկարելը, ապացուցելը, վերացած են նոր Ընտրական օրենսգրքով: Սրա հնարավորությունը չունի ոչ մի քաղաքական ուժ»,- հավելեց Նաղդալյանը:

Դիմելով այն մանկապարտեզների կամ դպրոցների աշխատակիցներին, որտեղ տնօրինության կողմից փորձ արվել է «արջի ծառայություն մատուցել, համոզել ու պարտադրել ընտրել այս կամ այն ուժին», Հերմինե Նաղդալյանը հիշեցրեց, որ քվեարկության ընթացքը չվերահսկվող գործընթաց է, ապա շեշտեց. «Ձեզ որևէ մեկը չի կարող ստուգել, թե ինչպես ընտրեցիք»:

Վերջում Հերմինե Նաղդալյանը նշեց. «Այս երևույթը պարզապես փուչիկ է՝ անկախ նրանից, թե ով է այս փուչիկը փչում: Սա փուչիկ է, որը չի աշխատում: Սա վերաբերում է ոչ միայն վարչական ռեսուրսի օգտագործմանը, այլև՝ ընտրակաշառքին: Բոլորն ասում են, ասում են, բայց ոչ մեկ չի տեսել այդ ընտրակաշառքը»:


Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը երեկ հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ ձայնագրությունների զգալի մասի ուսումնասիրությունը որևէ հիմք չի տալիս պնդելու, որ տեղի է ունեցել ՀՀ ԸՕ խախտում։