Վերանորոգված Galaxy Note 7-ը կվերադարձվի շուկա
Samsung ընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ պլանավորում է մեկնարկել Galaxy Note 7 սմարթֆոնի վերանորոգված տարբերակի վաճառքը: Հայտնի է, որ ավելի վաղ Galaxy Note 7-ի վաճառքը դադարեցվել է մարտկոցի պայթյունների բազմաթիվ դեպքերի պատճառով:
Reuters-ի հաղորդմամբ` կարգավորող օրգանների և տրանսպորտային գործակալությունների հետ բանակցություններ վարելուց հետո արտադրողը կորոշի` որ շուկաներում կվաճառվի սմարթֆոնի փոփոխված տարբերակը: Ընկերությունը նաև պլանավորում է վաճառել փոխարինվող տարրեր, օրինակ` չիպեր և մոդուլային տեսախցիկներ, ինչպես նաև`կրկին օգտագործել հին Galaxy Note 7 սմարթֆոններից հանած հումքը` պղինձ, ոսկի, նիկել, արծաթ:
Հայտնի է, որ Galaxy Note 7 սմարթֆոնի վաճառքը մեկնարկել է 2016 թվականին, սակայն շուտով դադարեցվել է` օգտագործման ընթացքում բռնկումների վերաբերյալ բազմաթիվ բողոքների պատճառով: Արդյունքում` Samsung-ը ստիպված է եղել ամբողջությամբ դադարեցնել տվյալ սարքի արտադրությունը:










