Հանցագործները ծրագրել էին առևանգել Էնցո Ֆերարիի մասունքներն ու փրկագին պահանջել
Իտալիայի ոստիկանությունը մի խումբ չարագործների է ձերբակալել, որոնք ծրագրել էին առևանգել Ferrari ընկերության հիմնադիր Էնցո Ֆերարիի մասունքները և դրա դիմաց փրկագին պահանջել:
Ինչպես հաղորդում է Motor.ru-ն` վկայակոչելով իտալական Սարդինիա կղզու Նուորո գավառի ոստիկանության հաղորդագրությունը, հանցագործների մտադրությունը բացահայտվել է մեկ այլ գործի հետաքննության շրջանակներում, որն առնչվում էր զենքի և թմրանյութերի վաճառքին:
Իրավապահ մարմիններն այլ մանրամասներ չեն բացահայտել: Հետաքննության շրջանակներում 34 մարդ է ձերբակալվել:
Էնցո Ֆերարին մահացել է 1988-ին` 90 տարեկան հասակում: Նա հուղարկավորված է ընտանեկան գերեզմանոցում:










