Չինաստանում վիրաբույժները տղամարդուն փոխպատվաստել են նրա ձեռքին աճեցված ականջը
Չինական Սիան քաղաքում վիրաբույժներն արտասովոր վիրահատություն են իրականացրել` տղամարդուն փոխպատվաստելով նրա ձեռքին աճեցված ականջը: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Գործակալության տվյալների համաձայն` Ցզի ազգանունով տղամարդն իր ականջը կորցրել է ավելի քան մեկ տարի առաջ` ավտովթարի հետևանքով:
Սիան քաղաքի Xi'an Jiaotong University համալսարանին կից հիվանդանոցի բժիշկները կորցրած օրգանը վերականգնել են տղամարդու նախաբազկի վրա: Այդ նպատակով բժիշկներն օգտագործել են կողային աճառ, ինչպես նաև` 3D տպիչ:
Նշվում է, որ 7 ժամ տևած վիրահատությունն իրականացրել է պլաստիկ վիրաբույժ Գո Շուչժունն իր գործընկերների հետ:
Չնայած վիրահատական միջամտության բարդությանը` գործընթացը բարեհաջող է անցել, և տղամարդու վիճակը կայուն է:
Սպասվում է, որ օրգանն ամբողջապես կգործի երկու շաբաթվա ընթացքում:










