SpaceX-ի Falcon 9 հրթիռակրի առաջին աստիճանը բարեհաջող վայրէջք է կատարել լողացող հարթակի վրա
Ամերիկյան SpaceX ընկերության Falcon 9 հրթիռակիրը բարեհաջող վայրէջք է կատարել Ատլանտյան օվկիանոսում գտնվող լողացող հարթակի վրա:
Ինչպես հայտնում է ria.ru-ն, հրթիռակիրն իրականացրել է SES-10 հեռահաղորդակցային արբանյակի արձակումը:
Աղբյուրը մանրամասնում է, որ հրթիռակրի առաջին աստիճանն արձակումից 9 րոպե անց վայրէջք է կատարել լողացող հարթակի վրա:
«Falcon 9-ի առաջին աստիճանը վայրէջք է կատարել Of Course I Still Love You հարթակի վրա: Սա ուղեծրային դասի հրթիռի առաջին կրկնակի թռիչքն է աշխարհում»,-հայտնել է ընկերությունը:
Նշվում է, որ 2015թ. դեկտեմբերից մինչև հիմա SpaceX-ին հաջողվել է արձակումից հետո պահպանել Falcon-ի 9 հատ առաջին աստիճան:
Հավելենք, որ SpaceX-ը, որն ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի հետ պայմանագրի շրջանակում բեռնափոխադրումներ է անում դեպի Միջազգային տիեզերակայան, ինչպես նաև կոմերցիոն արբանյակներ է արձակում, փորձում է մշակել հրթիռակրի բազմակի օգտագործման տեխնոլոգիա: Ընկերությունը վստահ է, որ հրթիռակրի առաջին աստիճանի բազմակի կիրառումը հնարավորություն կտա էականորեն նվազեցնել տիեզերական թռիչքների գինը:










