Ստեղծվել է հումանոիդ ռոբոտ՝ աուտիզմ ունեցող երեխաներին օգնելու համար (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարությունը փորձարկում է աուտիզմ ունեցող երեխաներին օգնելու նպատակով ստեղծված Կասպար անունով հումանոիդ ռոբոտին, որը բոլոր շանսերն ունի հիվանդ երեխաների ու շրջապատի միջև կապող օղակ դառնալու համար:
Ինչպես նշում է The Independent-ը, իրական չափի ռոբոտը, որը ստեղծվել է Հերթֆորդշիրի համալսարանում, ունի հատուկ զգայակներով պատված մաշկ, ինչի շնորհիվ կարողանում է արձագանքել յուրաքանչյուր հպման:
Կասպարը կարող է խաղալ երեխաների հետ, գովաբանել նրանց դրական քայլերն ու նախատել սխալի համար: Ռոբոտը նախատեսված է 5-10 տարեկանների համար, որոնց մոտ աուտիզմը նոր է ախտորոշվել: Կասպարի հիմնական առաքելությունն աուտիզմ ունեցող երեխաներին հանրությանն ինտեգրվել ու մարդկանց հետ շփվել սովորեցնելն է:
Հայտնի է, որ ռոբոտի կլինիկական փորձարկումը տևելու է 2 տարի՝ ներգրավելով 40 երեխայի:
Աղբյուրը հավելում է, որ ապրիլի 2-ին նշվում է Աուտիզմի մասին տեղեկացվածության համաշխարհային օրը:













