Որ քաղաքական ուժը քանի մանդատ կունենա նոր խորհրդարանում. «Հանրապետական» կուսակցությունը մեծամասնություն կկազմի

16:43 • 03.04.17

 

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների համաձայն՝ 6-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված կլինի ՀՀԿ-ն (771 հազար 249 ձայն, կամ՝ ընտրողների 49.19 տոկոսը), «Ծառուկյան» դաշինքը (428 հազար 965 ձայն, կամ՝ ընտրողների 27.36 տոկոսը), «ԵԼՔ» դաշինքը (122 հազար 49 ձայն, կամ՝ ընտրողների 7.78 տոկոսը) և ՀՅԴ-ն (103 հազար 173 ձայն, կամ՝ ընտրողների 6.58 տոկոսը):

Նախնական տվյալների համադրությամբ, կարելի է ասել, որ ՀՀԿ-ն կունենա 55 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 30-ը, «Ելք»-ը՝ 9, իսկ ՀՅԴ-ն՝ 7:

Մանդատների բաշխումը, նոր Ընտրական օրենսգրքի համաձայն, կատարվում է հետևյալ կերպ. նախ՝ կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների ստացած ձայների թիվն, առանձին վերցրած, բազմապատկվում է 101-ով (101-ը՝ ԱԺ մանդատների նվազագույն թիվն է), ապա բաժանվում է խորհրդարան անցած քաղաքական ուժերին կողմ քվեարկած քվեաթերթիկների հանրագումարով:

Քաղաքական 4 ուժերի ձայներն առանձին վերցրած պետք է բազմապատկել 101-ով, ապա՝ ստացված արդյունքը բաժանել 1 միլիոն 425 հազար 445-ի, որը քաղաքական 4 ուժերի համար քվեարկած թիվն է ընդհանուր վերցրած:

Մաթեմատիկական այս հաշվարկը կատարելիս կունենանք հետևյալ պատկերը.

ՀՀԿ՝ ստացած ձայների թիվ (771249) x 101 / 1425445 = 54.6 մանդատ:

«Ծառուկյան» դաշինք՝ ստացած ձայների թիվ (428965) x 101 / 1425445 = 30.3 մանդատ:

«ԵԼՔ» դաշինք՝ ստացած ձայների թիվ (122049) x 101 / 1425445 = 8.6 մանդատ:

ՀՅԴ՝ ստացած ձայների թիվ (103173 ) x 101 / 1425445 = 7.3 մանդատ:

Արդյունքում՝ ՀՀԿ-ն ստանում է 55 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 30-ը, «Ելք»-ը՝ 9, իսկ ՀՅԴ-ն՝ 7:

«ԸՕ»-ն սահմանում է, որ եթե խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններից որևէ մեկը 53 մանդատ չի հավաքում, ապա 101 մանդատները բաշխվում են և անցկացվում է 2-րդ փուլ: Բայց, քանի որ տվյալ պարագայում ՀՀԿ-ն, նախնական տվյալներով, 55 մանդատ ունի, 2-րդ փուլ չի անցկացվի:

Մանդատները համամասնական ու ռեյտինգային ցուցակով առաջադրված պատգամավորների միջև բաշխվում են հավասար սկզբունքով: Կուսակցության ստացած մանդատների կեսը տրվում է կուսակցության համապետական ցուցակի թեկնածուներին` ըստ հերթականության, իսկ մանդատների մնացած մասը բաշխվում է կուսակցության տարածքային ցուցակներում ընդգրկված թեկնածուների միջև. ՀՀԿ՝ 55 / 2, «Ծառուկյան» դաշինք՝ 30 / 2, «ԵԼՔ»՝ 9 / 2 և ՀՅԴ՝ 7 / 2:

Արդյունքում՝ ՀՀԿ-ն կունենա 55 պատգամավոր, որից 23-ը համամասնական ցուցակից, 22-ը՝ ռեյտինգային, «Ծառուկյան» դաշինքը՝ 30 պատգամավոր, որից 15-ը համամասնական ցուցակից, 15-ը՝ ռեյտինգային, «ԵԼՔ»-ը կունենա 9 պատգամավոր, ՀՅԴ-ն կունենա 7 պատգամավոր:

Հասկանալու համար, թե ովքեր են լինելու ռեյտինգային պատգամավորները, կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները պետք է առանձնացնեն այն մարզերը, որտեղ իրենք ամենից շատն են ձայներ ստացել ռեյտինգային թեկնածուների հանրագումարով:

Լրացուցիչ մանդատներ են նախատեսված նաև ազգային փոքրամասնությունների համար: 

Որ քաղաքական ուժը քանի մանդատ կունենա նոր խորհրդարանում. «Հանրապետական» կուսակցությունը մեծամասնություն կկազմի