Արամ Վարդևանյանը ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանի հետ հանդիպմանը անդրադարձել է Ադրբեջանում ապօրինի պահվող հայերի խնդիրներին
ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետ։
Հանդիպմանը մասնակցել են նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հարություն Հարությունյանը և պատգամավոր Իրինա Յոլյանը։
Ողջունելով դեսպանին՝ Արամ Վարդևանյանը շնորհավորել է Ֆլորիան Էսկյուդիեին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ Հայաստանում վերջինիս նշանակումը կլինի արդյունավետ՝ ի շահ Հայաստանի և Ֆրանսիայի։
ԱԺ փոխնախագահն ընդգծել է Ֆրանսիայի կարևոր և պատմականորեն ձևավորված դերակատարությունը Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների զարգացման գործում։ Նշվել է, որ երկու երկրների ռազմավարական գործակցությունն ու երկկողմ կնքված փաստաթղթերն ամուր հիմք են համագործակցության խորացման համար։
Արամ Վարդևանյանն իր դիտարկումներն է ներկայացրել մեր երկրում ժողովրդավարության և իրավունքի գերակայության, ԵԽԽՎ զեկույցի ու հետընտրական գործընթացների վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանում ապօրինի պահվող հայերի խնդիրներին և այլ հարցերի։
Դեսպանը խոսել է Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական հարաբերությունների կարևորությունից՝ այս համատեքստում ընդգծելով բարեկամական խմբերի դերակատարությունը։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրամիություն փոխգործակցությանն ու հատկապես վիզաների ազատականացման գործընթացին։
Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։














