Երևի սովորական պատգամավոր կլինեմ, բայց դե բնական է, որ սովորական չեմ լինի էլի. Գալուստ Սահակյան

13:04 • 08.04.17

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը վերցնելու է ապրիլի 2-ի ընտրություններում ստացած պատգամավորի մանդատը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:

«Բայց ինչի՞ պիտի չվերցնեմ որ: Վերցնելու եմ, որևէ խնդիր չկա»,- ասաց ԱԺ նախագահը։

Հարցին՝ հաջորդ խորհրդարանը ևս նախագահելո՞ւ եք, շարունակելո՞ւ եք մնալ ԱԺ նախագահի պաշտոնում, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Դա մնալու-չմնալու հարց չէ, դա դեռ պետք է որոշվի, բայց նախ և առաջ պետք է մտածեմ, թե ինչ եմ ուզում անել: Չեմ կարծում, թե մեծ իրավունք է Ազգային ժողովի նախագահ մնալը»:


Իսկ հարցին, թե հնարավո՞ր է կրկին ղեկավարեք խմբակցությունը, խորհրդարանի խոսնակն այսպես պատասխանեց. «Չէ, երևի սովորական պատգամավոր կլինեմ, բայց դե բնական է, սովորական չեմ լինի էլի»:

Ինչ վերաբերում է մամուլի հրապարակումներին, որ ՀՀԿ-ն քննարկում է հաջորդ խորհրդարանի ԱԺ նախագահների, տեղակալների և առանցքային այլ պաշտոնների թեկնածուների հարցը, Գալուստ Սահակյանն ասաց, թե այս առնչությամբ որևէ քննարկում չի ծավալվում:

Ի պատասխան հարցի՝ ո՞ւմ կուզեք տեսնել որպես Ձեր ժառանգը, ով կզբաղեցնի ԱԺ նախագահի պաշտոնը: «Ով էլ լինի՝ իմ հետ աշխատած է, և շատ լավ կլինի»,- պատասխանեց Գալուստ Սահակյանը: