Թուրքիան պահանջել է, որ Թեհրանում սիրիական ճգնաժամի հարցով գաղտնի ժողով հրավիրվի. Սիրիայի փոխարտգործնախարար

16:26 • 10.04.17

Թուրքիան պահանջել է, որ Իրանի մայրաքաղաք Թեհրանում սիրիական ճգնաժամի հարցով դռնփակ ժողով հրավիրվի, այս մասին հայտարարել է Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Միքդադը, գրում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:

«Թուրքիայի կառավարությունը կազմակերպիչներից պահանջել է, որ մամուլի ներկայացուցիչները ներկա չգտնվեն ժողովին», - հավելել է սիրիացի պաշտոնյան: 

Ըստ նրա՝ թուրքական կողմը չի ցանկանում, որ լրատվամիջոցներն իմանան Սիրիայում ստեղծված նոր իրավիճակի վերաբերյալ Թուրքիայի իրական դիրքորոշման մասին:

Հայտնի է նաև, որ արդեն ծրագրվում է գաղտնի ժողովն անցկացնել ապրիլի 18-19-ը՝ Աստանայում սիրիական խնդրի շուրջ մայիսի 3-4-ին կայանալիք հավաքին ընդառաջ:

Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը՝ Միացյալ Նահանգներն ապրիլի 6-ի երեկոյան թևավոր հրթիռներով հարվածել է Սիրիայի արևմտյան Հոմս նահանգում գտնվող կառավարական ուժերի ռազմաբազային, ինչն արվել է օրեր առաջ Իդլիբում սիրիացի զինվորականների կողմից քիմիական զենքի կիրառմանն ի պատասխան:

Սիրիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչներն ավելի վաղ հաղորդել էին, որ ԱՄՆ-ի` սիրիական «Շայրաթ» ռազմաբազայի վրա իրականացված ավիահարվածի հետևանքով մահացել է 6 զինծառայող։

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը` վկայակոչելով սիրիացի ակտիվիստներին, հայտնել էր Իդլիբում տեղի ունեցած քիմիական հարձակման մասին, որի հետևանքով 58 մարդ էր զոհվել, մեծամասնությունը` երեխաներ: