Ձերբակալվել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության աշխատակից Մարինե Պապյանը՝ առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակության կասկածանքով
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհների առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակություն կատարելու կասկածանքով 2017 թվականի ապրիլի 26-ին ձերբակալվել է ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մարինե Պապյանը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիետի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն իր ֆեյսբուքյան էջում:
ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
«Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակություն կատարելու կասկածանքով 2017 թվականի ապրիլի 26-ին ձերբակալվել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մարինե Պապյանը:
Ավելի վաղ, քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմամբ, դրանք իրենց համակցության մեջ վերլուծությամբ և համատեղ գնահատմամբ, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի իրականացման համար հատկացված առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակության, հափշտակությանն օժանդակելու, ինչպես նաև մի խումբ անձանց կողմից փաստաթղթի կեղծիք կատարելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել 13 անձ՝ Տիգրան Սուքիասյանը, Գևորգ Ղազարյանը, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը, Արմեն Բարեղամյանը, Անահիտ Ավագյանը, Սերգեյ Բալասանյանը, Դինա Մանուկյանը, Կարեն Ստեփանյանը, Թերեզա Դիլանյանը, Ալեքսանդր Պողոսյանը, ինչպես նաև Հրայր Գյոնջյանը, Գարիկ Չիլինգարյանը և Գեղամ Պետրոսյանը։ Վերջին երեք անձի՝ Հ.Գյոնջյանի, Գ.Չիլինգարյանի և Գ.Պետրոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում»,-հայտնում են Քննչական կոմիտեից:










