Մանդատից հրաժարվելու իմ դիմումը ֆանտաստիկայի ժանրից է, չեմ հրաժարվել, չեմ էլ հրաժարվելու. Նապոլեոն Ազիզյան

20:56 • 02.05.17

Ապրիլի 2-ի ընտրություններին «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր ընտրված Նապոլեոն Ազիզյանը թյուրիմացություն է որակում ԿԸՀ-ի՝ պատգամավորական մանդատներից հրաժարված անձանց ցանկում նաև իր անվան առկայությունը: Tert.am-ի հետ զրույցում Ազիզյանը պնդեց, որ ինքնաբացարկի որևէ դիմում չի ներկայացրել ո՛չ որևէ նոտարական գրասենյակ, ոչ էլ ԿԸՀ, և մանդատից հրաժարվելու իր դիմումը ֆանտաստիկայի ժանրից որակեց:

«Ազիզ ջան, ես չեմ հրաժարվել, ես ամսի 2-ի գիշերվանից՝ ընտրության օրից մինչև հիմա պառկած եմ, ոտքս ցավում ա, տանից դուրս չեմ եկել: Ես նման բան չեմ արել, չեմ էլ անելու, ես չեմ հրաժարվելու իմ մանդատից և վերջ»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

Դիտարկմանը, թե ինչպես է ստացվել, որ նրա անունը ցանկում կա, Ազիզյանը պատասխանեց. «Բա ես ինչ անեմ, որ կա, բացի դրանից՝ մի քանի օր առաջ եթե հետևել եք, «Իրավունք» թերթը հարցում էր արել ԿԸՀ՝ Նապոլեոն  Ազիզյանը մանդատի դիմում մինչև ընտրությունները կամ ընտրություններից հետո ներկայացրե՞լ է. պատասխանել էին, որ Նապոլեոն Ազիզյանի անունով ոչ մի դիմում մինչև ընտրությունները և ընտրություններից հետո ինքնաբացարկի դիմում չկա»:  

Հարցին, թե այսինքն նրա անունն առանց իր ստորագրությա՞ն է ԿԸՀ ներկայացվել, Ազիզյանը պատասխանեց. «Հիմա ինքնաբացարկ, որ ասում եք, ես կա՛մ պետք է գնամ նոտարական գրասենյակ, կա՛մ պետք է գնամ ԿԸՀ, ես տանը պառկած եմ, դուրս չեմ եկել ապրիլի 2-ից մինչև հիմա, ինչ ինքնաբացարկի մասին է խոսքը, բժիշկներն ասում են, որ որոշ ժամանակ չի կարելի ման գալ»,-ասաց նա:   

Իսկ թե դաշինքի ներկայացուցիչների հետ չի՞ էլ խոսել այդ մասին, Ազիզյանը պատասխանեց, որ ոչ: «Իհարկե, եթե արել են՝ ուրեմն առանց ինձ են արել, ես, ճիշտն ասած, չեմ էլ հավատում, տենց բան ոնց կարող է լինի»,-ասաց նա և հավատացրեց, թե փորձելու է զանգել և ճշգրտել ինչում է խնդիրը:

«Իհարկե, պիտի գնամ իմ մանդատը ստանամ, ես ռեյտինգային ընտրակարգով առաջին տեղն եմ գրավել, 12 հոգու մեջ ամենից շատ ձայները ես եմ տարել ու օրենքի 100-րդ  հոդվածում էլ հստակ մի տողով գրված է, որ պատգամավոր են դառնում այն թեկնածուները, որոնք տվյալ ցուցակում առավելագույն ձայներն են ներկայացնում: Ես չեմ էլ հավատում, որ նման փաստաթուղթ կարող է այնտեղ լինի,  հավատալու բան չի, էլի,  դա ոչ խաբելու, ոչ թաքցնելու բան է: Իմ հավատը չի գալիս, ծիծաղս ա գալիս, ասում եմ՝ էս ինչ են գրել»,-ասաց նա:

Հարցին, թե հնարավո՞ր է Գագիկ Ծառուկյանն է նրա փոխարեն որոշում կայացրել, պատասխանեց. «Գագիկ Ծառուկյանը խելոք մարդա, չգիտի՞, որ օրենքով ամրագրված բան ա դա, իմ փոխարեն ո՞նց որոշում կկայացնի, ես պիտի չգնա՞մ  ստորագրեմ, կամ՝ Գագիկ Ծառուկյանն ինձ կասեր՝ արի ստորագրի կամ ինքնաբացարկ հայտնի, հնարավոր բան չկա»,-ասաց նա:

Իսկ թե մտավախություն չունի՞, որ հետագայում իրեն կարող են ճնշել և ստիպել հայտարարել, թե ինքնակամ է հրաժարվել, Ազիզյանը պատասխանեց. «Ո՞վ ճնշի, աղջիկ ջան, ես էդ մարդը չեմ, որ ինձ մեկը կարողանա ճնշի, ինչ: Դա օրենքի պահանջ է»:

Ազիզյանը հաստատեց, թե պատրաստ է մինչև վերջ՝ պետք եղած դեպքում դատական գործընթացով ապացուցել, որ այդ մանդատը իրեն է պատկանում և ոչ ոք չի կարող այն իրենից վերցնել: «Այ ցավդ տանեմ, ճիշտ է, իմ քարոզարշավի ֆինանսավորումը Ծառուկյանն է արել, ինձ  բարոյապես էլ է աջակցել, բայց ես հո չեմ կարա ժողովրդին գնամ ասեմ՝ կներեք էլի, ինձ մեկը կանչեց ասեց՝ գնա դիմում գրի, ես էլ գնացի, դիմում գրեցի: Որոշողը ժողովուրդն է. բա էդքան տանջվում էին, էս օրենքը ինչի՞ համար էին գրում»,-ասաց նա: