Թուրքիայի և Իսրայելի միջև նոր դիվանագիտական լարվածություն է առաջացել

14:21 • 09.05.17

Թուրքիայի և Իսրայելի միջև նոր լարվածություն է հասունանում «ազան»-ի խնդրի շուրջ, այս մասին հայտնում է թուրքական diken.com.tr կայքը:

Ինչպես հայտնի է՝ Իսրայելը պատրաստվում է արգելք սահմանել Երուսաղեմում մահմեդական աղոթքից առաջ մզկիթներից հնչեցվող կոչի՝ ազանի կիրառման վերաբերյալ:

Իսրայելի խորհրդարանի կողմից օրենքի ընդունումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատության էր ենթարկել Իսրայելի իշխանություններին և հավելել, որ Իսրայելը կիրառում է խտրական ու ռասիստական քաղաքականություն, ինչպես նաև փորձում մեկուսացնել Երուսաղեմում ապրող իրենց պաղեստինցի եղբայրներին:

Իսրայելի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էմանուել Նահշոնն իր տարածած հայտարարության մեջ նշել է, որ մարդու իրավունքները խախտող Թուրքիայի նախագահը չի կարող նման դասեր տալ Իսրայելին:

«Իր իսկ երկրում մարդու իրավունքները խախտող մեկը չի կարող բարոյականության դասեր տալ տարածաշրջանի միակ ժողովրդավար երկրին», - ասել է Նահշոնը: