ԵՄ խորհուրդը հաստատել է Ուկրաինայի համար անայցագրային ռեժիմը

12:48 • 11.05.17

Եվրամիության խորհուրդը հաստատել է Ուկրաինայի քաղաքացիների համար Շենգեն գոտու երկրներ կարճաժամկետ ուղևորությունների համար առանց վիզայի ռեժիմ սահմանելու օրենսդրական նախաձեռնությունը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Դա քաղաքական վերջին որոշումն է ուկրաինացիների անայցագրային ուղևորությունների ճանապարհին, գրում է կայքը:


Առանց վիզայի ռեժիմի սահմանման համար մնացել է երկու ֆորմալ ընթացակարգ՝ օրենսդրական ակտը պետք է ստորագրեն Եվրախորհրդարանի նախագահը և Մալթայի ներկայացուցիչը, որն այժմ նախագահում է ԵՄ-ում, իսկ այնուհետև այն կհրապարակվի ԵՄ պաշտոնական ամսագրում:


Որոշումն ուժի մեջ կմտնի հրապարակումից հետո 21-րդ օրը:


Նախնական տեղեկատվության համաձայն՝ ստորագրումը կարող է տեղի ունենալ մայիսի 17-ին, հրապարակումը՝ մայիսի 22-ին, առանց վիզայի ուղևորությունների սկիզբը՝ հունիսի 11-ին:


Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Ուկրաինայի համար առանց վիզայի ռեժիմի մասին օրենսդրական նախաձեռնությունը հաստատել էր Եվրախորհրդարանը: