Հայաստանը շատ պետք է պայքարի, որ անպայման մասնաբաժին ունենա այդ ծրագրում․ Թևան Պողոսյանը «Մետաքսի ճանապարհ» պեկինյան համաժողովի մասին

23:07 • 15.05.17

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանի կարծիքով՝ կարևոր է, որ Հայաստանը «Մետաքսի ճանապարհ» չինական նախագծում իր տեղն ու դերն ունենա, այդ իսկ պատճառով լավ կլիներ, որ մեր երկիրը Պեկինում այս օրերին անցկացվող «Մետաքսի ճանապարհ» մեծ միջազգային համաժողովին ներկա լիներ բարձր մակարդակով:

Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց․ «Հայաստանը շատ պետք է պայքարի, որ, անպայման, մասնաբաժին ունենա այդ ծրագրում, դրա համար հետագայում պետք է մեր դերակատարման բարձրացման համար բանակցությունների գնանք ավելի բարձր մակարդակով»:

Նշենք, որ  պեկինյան համաժողովին Հայաստանի մասնակցում են ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ինչպես նաև ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը։ Այս ընթացքում քննարկվում են առևտրական ճանապարհներ ստեղծելու Չինաստանի ծրագրերը, որոնք կանցնեն հնում հայտնի «Մետաքսի ճանապարհի» առևտրական երթուղիներով։ ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը խոստացել է ավելի քան 100 մլրդ եվրո հատկացնել նոր նավահանգիստների, ճանապարհների, երկաթուղիների և այլ ենթակառույցների կառուցման համար։

Թևան Պողոսյանի կարծիքով՝ Հայաստանը «Մետաքսի ճանապարհ» ծրագրին ուղղված ինտեգրացիոն գործընթացներին պետք է ձգտի մասնակցել ինքնուրույն: «Նույն Հայաստանը Եվրամիության հետ պայմանագիր կնքելու համար առանձին է բանակցել, և հիմա պատրաստվում է մինչև այս տարվա վերջ ստորագրել համապարփակ պայմանագիր Եվրամիության հետ: Այստեղ էլ (նկատի ունի «Մետաքսի ճանապարհ» նախագիծը-Հ․ Հ․) պետք է դիտարկել, որ եթե մենք ներկայանում ենք որպես առանձին երկիր, կարող ենք նաև այստեղ առանձին համագործակցել»,- ասաց նա:

Նա մատնանշեց, որ Իրանին միացող ճանապարհը գուցե Չինաստանի համար նպատակահարմար լինի Հայաստանի միջով: Ըստ նրա՝ Հայաստանի առավելությունն այստեղ այն է, որ անվտանգ երկիր է․ Թուրքիայի և Հայաստանի միջև ընտրություն կատարելիս Չինաստանը պետք է հաշվի առնի, որ Հայաստանն ունի ներքին կայունություն և  անվտանգություն: «Թուրքիայում անգամ բանակն է ոստիկանական ծառայություններ անում, շատ մոտ է նաև Միջին Արևելքին՝ ահաբեկչական ԴԱԻՇ-ին: Մենք պետք է ներկայացնենք մեր առավելությունները»,- ասաց նա:

Թևան Պողոսյանի խոսքով՝ եթե չպայքարենք մեր  դիրքերը «Մետաքսի ճանապարհ» նախագծում ներկայանալու համար, հնարավոր է՝ մեզնից առաջ այլ երկրներ հայտնվեն: Ըստ նրա՝ մեր համեմատական առավելություններով մենք պետք է հանդես գանք: 

«Բանակցություններում մենք պետք է ներկայացնենք, թե ինչ կարող ենք առաջարկել: Աշխարհի տարբեր երկրներ ունեն տարբեր մրցավարական մակարդակներ: Տեսնում ենք, որ ավտորիտար երկրներում ներդրումներ շատ են չեն լինում, որովհետև այնտեղ տարօրինակ նավթ կա: Մենք էլ մեր երկրում պետք է ապահովենք այն ժողովրդավարական և մարդկային գիտելիքների մակարդակը, որը կարող է բերել ներդրումների այնպիսի հոսք, որ կապահովի Հայաստանի զարգացումը»,- ասաց նա:

Նախագահի՝  Չինաստանում այս օրերին ներկա չլինելը, Թևան Պողոսյանի խոսքով, կարող է պայմանավորված լինել  տեխնիկական պատճառներով․ քանի որ այս օրերին պաշտոնական այցով նա պետք է լինի Կատարում: Լավ կլիներ, ըստ նրա, որ գոնե Հայաստանի վարչապետը ներկա լինել պեկինյան մեծ համաժողովին: «Պետք է նայել, թե ինչ հնարավորություններ կան Հայաստանի համար մեր անունն այնտեղ հնչեցնելու»,- ասաց նա:

Նա նշեց, որ կարևոր է, որ մենք լիակատար մասնակից լինենք մնան գործընթացներին: «Այս համաժողովին, այնուամենայնիվ, մասնակցում ենք, ունենք այն իրավիճակը և պետք է օգտվենք: Դուրս մնալը կլինի այն րոպեից, երբ որևէ բան չանենք: Չենք կարող ասել, որ դուրս ենք մնում գործընթացից, քանի որ բարձր մակարդակով գլխավոր միջոցառմանը չմասնակցեցինք: Շատ լավ կլիներ, եթե այս մի փոքրիկ շանսն էլ օգտագործեինք, բայց այդ անգամ, եթե բաց ենք թողել այդ շանսը, չի նշանակում, որ այլևս այդ շանսը չենք ունենալու»,- ասաց նա: