Հնդկաստանում բժիշկները փրկել են ձկնորսին, որի բերանի մեջ ձուկ է մտել (լուսանկարներ)
Հնդկաստանում բժիշկները փրկել են ձկնորսին այն բանից հետո, երբ կենդանի ձուկը ցատկել է նրա բերանի մեջ: Այս մասին հայտնում է Daily Mirror-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հնդկական Օրիսա նահանգի բնակիչը ձուկ է բռնել լճակում, սակայն չի կարողացել պահել ձեռքերի մեջ. ձուկը ցատկել է տղամարդու բերանի մեջ և խրվել նրա կոկորդում:
Տղամարդուն չի հաջողվել ինքնուրույն հանել ձկանը, որը խանգարել է շնչել և խոսել: Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն տեղացի բժիշկները նույնպես չեն կարողացել օգնել նրան: Այդ ժամանակ նրան ուղարկել են նահանգի մայրաքաղաք՝ Բհուբանեշվար:
Բժիշկներից մեկի խոսքով՝ տղամարդու կոկորդի մեջ երևացել է ձկան պոչը: Տուժածին ցավազրկող է ներարկվել, ինչից հետո ձուկը դուրս է քաշվել վիրաբուժական գործիքով:
Նշվում է, որ ձկան լողաթևերի հետևանքով կոկորդի հատվածում ստացված կտրվածքները լավացել են 10 օրում: Այդ ընթացքում տղամարդը սնվել է քթով անցկացված զոնդի միջոցով:













