ՌԴ ափերից ոչ հեռու ընկած հյուսիսկորեական հրթիռն իր տեսակի մեջ նոր է ու միջուկային մեծ մարտագլխիկ կրելու հնարավորություն ունի. BBC
Բալիստիկ հրթիռը, որը երեկ արձակվել է Հյուսիսային Կորեայի կողմից ու ընկել Ռուսաստանի Պրիմորյե երկրամասի ափերից 100 կմ հեռավորության վրա, իր տեսակի մեջ նոր է ու միջուկային մեծ մարտագլխիկ կրելու հնարավորություն ունի:
Ինչպես նշում է BBC-ն, արձակումից հետո հրթիռը բարձրացել է առավելագույնը 2.000 կմ բարձրության վրա ու անցել 700 կմ:
Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարել են, որ այս փորձարկման միջոցով ցանկացել են ստուգել նորաստեղծ բալիստիկ հրթիռի հնարավորությունները:
Ըստ հարավկորեական հետախուզության տվյալների՝ նոր հրթիռը կարող է դուրս գալ և նորից մտնել Երկրի մթնոլորտ, ինչը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների առանցքային հատկությունն է:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Վիկտոր Օզերովը հայտարարել է, որ Ռուսաստանի հակաօդային պաշտպանությունը Հեռավոր Արևելքում բերվել է մարտական բարձր պատրաստության վիճակի՝ Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումից հետո:










