Ռուսաստանն իրավունք ունի աշխատանքային կապեր պահպանել Սիրիայի քրդերի հետ. Պուտին

15:23 • 15.05.17

Ռուսաստանը համարում է, որ իրավունք ունի աշխատանքային կապեր պահպանել Սիրիայում քրդական խմբավորումների հետ՝ թեկուզ հնարավոր բախումներից և այնպիսի իրավիճակներից խուսափելու համար, որոնք կարող են վտանգ ներկայացնել ռուս զինծառայողների համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստան կատարած այցի ընթացքում մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։


«Քանի որ քրդական գործոնն իրական գործոն է Սիրիայի իրավիճակի համար, և քրդական մարտական խմբավորումները մասնակցում են, այսպես կոչված, «Իսլամական պետության» դեմ ռազմական գործողություններին և առավել մարտունակ ստորաբաժանումներից մեկն են, մենք համարում ենք, որ իրավունք ունենք աշխատանքային կապեր պահպանել նրանց հետ՝ թեկուզ, որպեսզի խուսափենք հնարավոր բախումներից և իրավիճակներից, որոնք կարող են լուրջ վտանգներ ստեղծել մեր զինծառայողների համար»,- ասել է Պուտինը:


Նա, միևնույն ժամանակ, նշել է, որ Ռուսաստանը զենք չի մատակարարում սիրիացի քրդերին:


Պուտինը հավելել է, որ քննարկել է այդ հարցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որն իր մտահոգությունն է հայտնել այդ թեմայով:


«Ես չեմ կարծում, որ այստեղ կա մի բան, որ կարող է առաջացնել մեր թուրք գործընկերների մտահոգությունը, մենք կապի մեջ ենք, մեր դիրքորոշումը բաց է, և ես հուսով եմ, որ այն կհասկանան նաև մեր թուրք գորընկերները»,- նշել է ՌԴ նախագահը:


Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատներին (YPG) զենք տրամադրելու մասին որոշումը, որը խիստ հակազդեցության է արժանացել Թուրքիայում: Ավելի վաղ Թուրքիայի կառավարությունը կոչ է արել Վաշինգտոնին «հետ կանգնել բռնած սխալ ուղուց» և նշել, որ այն համոզմունքը, թե «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը կարող է արդյունավետ լինել միայն քուրդ զինյալների հետ համագործակցելու պարագայում, իրականության հետ ոչ մի կապ չունի: