Հայաստանում WannaCry վիրուսից համակարգիչների վարակման դեպքեր կան. տեղեկատվական անվտանգության փորձագետ

21:45 • 15.05.17

Մեդիա և տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանին հայտնի են WannaCry վիրուսից հայաստանյան համակարգիչների վարակման դեպքեր:  

«Երրորդ օրն է, որ վիրուսը տարածվում է, աշխարհով մեկ վարակել է մոտ 200 հազար համակարգիչ: Հայաստանում, կարծում եմ, մոտ 1000 կամ 1000-ին չի հասնում»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը՝ հավելելով, որ ներկայումս այդ ալիքն ինչ-որ առումով կանգ է առել, որովհետև այն իր մեջ պարունակում էր հատուկ անջատելու տարբերակ:

«Այսինքն՝ եթե ինչ-որ կոնկրետ «դոմեյն» գրանցվում է, ինքը կանգնում է: Մասնագետներից մեկը գտել էր ու փաստացի ալիքը կանգնեցրել էր»,-մանրամասնեց մեդիափորձագետը: 

Նրա խոսքով՝ այս պահին Հայաստանում վիրուսով վարակման լուրջ ալիք չկա, սակայն նա չի բացառում ինչպես նոր ալիքի լինելը, այնպես էլ չլինելը:  

Նշենք, որ կիբերանվտանգության բնագավառի մասնագետները կարծում են, որ ավելի քան 1,3 միլիոն համակարգչային համակարգեր մինչ այժմ խոցելի են WannaCry վիրուսի դեպքում, որի միջոցով մայիսի 12-­ին գլոբալ կիբերգրոհ է իրականացվել, և ինչպես ավելի վաղ հայտարարել էր Եվրոպոլի տնօրենը՝ կիբերգրոհների շարքը կարող էր վերսկսվել մայիսի 15-­ի առավոտյան։

Միջազգային լրահոսի համաձայն՝ հաղորդվել էր, որ գլոբալ կիբերգրոհի հետևում կանգնած չարագործները մայիսի 12-­ին համակարգիչներ են ախտահարել ամբողջ աշխարհում, քրիփթոարժույթով ավելի քան 42 հազար դոլար են ստացել վիրուսով վարակված համակարգիչների օգտատերերից։ 

Խոսելով վիրուսի հետևանքների մասին՝ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ տեսականորեն վիրուսը կարող է վարակել անթիվ-անհամար համակարգիչների, որովհետև այն վարակում է բոլոր այն համակարգիչները, որոնք Windows օպերացիոն համակարգով են աշխատում և «ափդեյթ» արված չեն:   

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ կարելի է անել այն դեպքերում, եթե համակարգիչն արդեն վարակված է WannaCry վիրուսով, ապա մեդիափորձագետը նշեց, որ այն մաքրել կարելի է ինքնուրույն՝ անտիվիրուսներով, սակայն արդեն վնասված «ֆայլերն» ինքնուրույն վերականգնել հնարավոր չէ:

«Առանց գումարի վերականգնելն այսօրվա դրությամբ հնարավոր չէ: Այսինքն՝ եթե համակարգչի տերն ունի շատ կարևոր փաստաթղթեր, կա՛մ պետք է վճարի, կա՛մ հաշտվի այն մտքի հետո, որ դրանք հնարավոր չէ վերականգնել»,-ասաց նա: