Վանաձորում բեռնատարի ծանրությունից ասֆալտը բացվել է, մեքենան ընկել է փոսը. քաղաքապետը մատնանշում է մեղավորին (տեսանյութ)
Facebook-ի օգտատեր Վահե Կրոյանը տեսանյութ է հրապարկել, թե ինչպես է Վանաձորի Տարոն 4 թաղամասում բեռնատարի ծանրությունից ասֆալտը բացվել է և մեքենան ընկել է փոսը:
Տեսանյութին ծանոթ էր նաև Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, ով Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին փողոցը ժամանակավոր վերանորոգելու համար խումբ է մեկնել:
Նա բացատրեց պատճառը, նշելով, որ ժամանակին՝ 3-4 տարի առաջ «Դառոժնիկ» ընկերություն կար, որը զբաղված էր քաղաքի խողովակաշարի համար փոսերը փորելով և իրենց ոչ հավուր պատշաճ աշխատանքի պատճառով է նման խնդիր առաջացել:
«Ջրմուղի ծրագրով իրենք փոսերը փորում էին, իրենց հաշվին էլ լցնում, ասֆալտապատում: Դա կիսալցված փոսի հետևանքն է, որը հիմա մենք վերականգնում ենք, ճանապարհը փակ չի մնա, ուղղակի, երևի, հողը նորմալ չափի չի սեղմվել, ասֆալտ են վրայից արել, ջուրը տակն է մտել, որ սողանք է առաջացել: Հիմա կոշտ ավազով ու խճաքարով, անպայման, կլցնենք ժամանակավորապես, մինչև ավելի հիմնավոր միջոցներ ձեռք առնենք»,-ասաց նա:
Քաղաքապետը նշեց, թե չի բացառում, որ այլ փողոցներում ևս նման խնդիրներ առաջանան: «Դե հնարավոր է, քաղաքի տարբեր տեղերում եղել են, բազմիցս նախկին քաղաքապետի կողմից էլ հարց է բարձրացվել, որ այդ աշխատանքները հավուր պատշաճի չի կատարվել»,-ասաց նա:
Ի դեպ, նա հաստատեց, որ Վանաձորում փողոցների ասֆալտապատման աշխատանքները շարունակում են: «Ուղղակի բուն ասֆալտապատում չեն անում, քանի որ անձրևները չեն դադարում: Հիմա կտրտում են փոսալցման համար, երբ անձրևը դադարի, անմիջապես կասֆալտապատվի»,-ասաց նա:










