ՀՀ–ում որոշ հիվանդանոցներ կփակվեն, որոշ հիվանդանոցներ և զինվորական հոսպիտալներ կմիավորվեն. Լևոն Ալթունյան
ՀՀ առողջապահության նախարարությունը վերջին մի քանի ամիսների ընթացքում ձեռնամուխ է եղել մի քանի նախագծի իրականացման, որոնց նպատակը Հայաստանում առողջապահության ոլորտը զարգացնելն ու մարդկանց առողջ տարիների քանակն ու երկարացնել ակտիվ կյանքի տևողությունը:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
«Այդ ծրագրերը նախատեսում են կառուցվածքային բարեփոխումներ, երբ մենք սկսում ենք որոշ գործընթացներ, համաձայն որոնց՝ որոշ բուժհաստատություններ կմիավորվեն: Նախատեսվում է որոշ բուժհաստատությունների միացում զինվորական հոսպիտալների հետ, ինչը կբարելավի մարզերում բուժման և առողջապահության որակը: Կվերազինվեն որոշ հիվանդանոցներ, որոշ հիվանդանոցներ և բուժհաստատություններ ուղղակի կվերանան, դրանց փոխարեն կվերապատրաստենք մեր բուժաշխատողներին և Հայաստանում կզարգացնենք պոլիատիվ բուժօգնությունն ու ինտերնատները մեծահասակների համար»,-ասաց նախարարը:
Նախարարի խոսքով՝ այդ ծրագրի նպատակը ոչ միայն ներքին շուկան, այլև բժշկական տուրիզմը զարգացնելն է:
Ալթունյանը նաև հայտնեց, որ նախարարությունը ակտիվ աշխատում է կլինիկական ուղեցույցների ներդրման ուղղությամբ.«Սա նախատեսված է հինգ տարվա համար, որովհետև այդ ուղեցույցների քանակը 1000-ն է, իսկ մենք տարեկան կարող ենք ներդնել 200 ուղեցույց: Այդ տարվա աշնանը 200 ուղեցույց կներդրվի: Առաջին հերթին կթարգմանվեն և կներդրվեն այն ուղեցույցները, որոնք կարևոր են մարզային բժշկության համար»:










