7/51 և 7/53 ընտրատեղամասերում վերահաշվարկ կարվի, «Ելք»–ը կասկածներ ունի, որ հաշվարկի ընթացքում խախտումներ են եղել

12:44 • 16.05.17

Կասկածներ ունենք, որ 7/51 և 7/53 ընտրատեղամասերում հաշվարկի ընթացքում խախտումներ են եղել, դրա համար էլ վերահաշվարկ ենք պահանջել։ Այս մասին Tert.am-ին հայտնեց «Ելք»-ի ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը, ով Երևանի ավագանու ընտրություններում թիվ 7 տարածքային հանձնաժողով վերահաշվարկի դիմումներ է ներկայացրել։

«Վստահված անձերի ներկայացրած տվյալների հիման վրա մենք կասկածներ ունենք, որ հաշվարկի ընթացքում խախտումներ են եղել։ Այլ կերպ ասած, արդյունքները իրականությանը չեն համապատասխանում։ Մեր կասկածները փարատելու համար վերահաշվարկ ենք պահանջել»,- նշեց Հովակիմյանը։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանն ընդգրկող թիվ 7 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Խաչատրյանն էլ ասաց, որ վերահաշվարկի պատճառի մասին ոչինչ չգիտի․ «Դիմում են ներկայացրել՝ խնդրում ենք կատարել վերահաշվարկ, մենք էլ դիմումը ընդունել ենք»,- հայտնեց Խաչատրյանը։

Նշենք, որ 7/51 և 7/53 տեղամասերի վերահաշվարկը կսկսվի ժամը 14։00-ին։