Washington Post-ը պատահաբար հրապարակել է Պենտագոնի ղեկավարի հեռախոսահամարը

11:03 • 16.05.17

Ամերիկյան հեղինակավոր The Washington Post պարբերականը պատահաբար հրապարակել է ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Ջեյմս Մեթիսի հեռախոսահամարը: 

Պարբերականի հաղորդմամբ՝ միջադեպին ուշադրություն է դարձրել ընթերցողներից մեկը: Փոլ Ռեդմոնդը զանգահարել և հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիկնապահ Կիթ Շիլերի մասին լուրն ուղեկցվել է լուսանկարով, որում նա թղթերի կույտ ունի ձեռքում: Ընթերցողի խոսքով՝ լուսանկարում երևացել է, որ փաստաթղթերից մեկին Մեթիսի անունով և հեռախոսահամարով գրություն է ամրացված: Ավելի ուշ պարբերականի աշխատակիցը զանգահարել է այդ հեռախոսահամարով:

«Ես զանգահարեցի: Ինքնապատասխանիչը միացավ: Նա էր», - գրել է The Washington Post-ի լրագրողը:

Նշվում է, որ դրանից հետո լուսանկարը հեռացվել է պարբերականի կայքից:

«Մենք պետք է ուրախ լինենք, որ Փոլ Ռեդմոնդը նրա համարը նկատել է ռուսներից առաջ...», - նշել է պարբերականը: