ՀՀԿ-ն դեռ որոշում չունի Արտաշատի քաղաքապետի թեկնածու առաջադրելու վերաբերյալ. Ալիկ Սարգսյան

17:03 • 16.05.17

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դեռ չի քննարկել Արտաշատի քաղաքապետի հրաժարականից հետո Արտաշատ քաղաքում թեկնածու առաջադրելու հարցը:

Այս մասին Tert.am-ին հայտնեց Արարատի մարզից ռեյտինգային ցուցակով ընտրված, ՀՀԿ Արարատի մարզի պատասխանատու, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:

«Հանրապետական կուսակցությունը դեռևս չի որոշել, մոտ օրերս քննարկում կլինի, ինֆորմացիա կտարածենք»,-ասաց Ալիկ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ այսօր Արտաշատի քաղաքապետ, նորընտիր պատգամավոր Արգամ Աբրահամյանը մայիսի 18-ին մեկնարկող ԱԺ 6-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստին ընդառաջ հրաժարականի դիմում է ներկայացրել, ինչից հետո պետք է ընտրության օր նշանակվի և նոր քաղաքապետ ընտրվի:

Հիշեցնենք, որ որպես քաղաքապետի հավանական թեկնածու մամուլում շրջանառվել է նախկինում «ՀայՌուսգազարդի» Արարատի մարզի մասնաճյուղի տնօրեն Հովհաննես Ղազարյանի որդու անունը, որը 2009 թվականին կրակոցներով ուղեկցված միջադեպ էր ունեցել Ջոնիկ և Արգամ Աբրահամյանների հետ: Սակայն այս գործը կարճվել էր։

Այս հիշեցմանն ի պատասխան Ալիկ Սարգսյանն ասաց. «Ես տեղեկություն չունեմ որևէ, ինձ հետ որևէ թեմայով դեռևս չի քննարկվել»։

Tert.am-ի հետ զրույցում Հովհաննես Ղազարյանը, ի պատասխան հարցի, թե իր որդին առաջադրվելո՞ւ է որպես Արտաշատի քաղաքապետի թեկնածու, ասաց. «Ես չգիտեմ, ժամանա՞կն է տենց հարցեր տալու։ Թողեք հանգիստ մեզ, եթե մենք ունենք ցանկություն կամ պրոբլեմ, Դուք անպայման կիմանաք այդ մասին»: