Բեռլուսկոնիին պարտավորեցրել են նախկին կնոջն ամսական 2 միլիոն եվրո վճարել

17:55 • 16.05.17

Իտալիայի վճռաբեկ գերագույն դատարանը վճռել է, որ երկրի նախկին վարչապետ, միլիարդատեր Սիլվիո Բեռլուսկոնին պետք է ամեն ամիս իր նախկին կնոջը՝ Վերոնիկա Լարիոյին, վճարի 2 միլիոն եվրո, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Բարձրագույն դատական ատյանի վճիռը հրապարակվել է երեքշաբթի, չնայած այդ գործով նիստը կայացել էր դեռ անցած տարվա նոյեմբերին, և այդ ժամանակ գլխավոր դատախազությունն առաջարկել էր դատավորներին նվազեցնել ալիմենտների չափը:


2013 թվականին առաջին ատյանի դատարանն ամուսնալուծության վարույթի շրջանակում Լարիոյին նշանակել է ամսական 3 միլիոն եվրոյի չափով ալիմենտ: Նման խոշոր գումարի ալիմենտների մասին որոշումը դատավորները փաստարկել են նրանով, որ Բեռլուսկոնիին երեք երեխա պարգևած Լարիոյին անհրաժեշտ է ապահովել այն կենսամակարդակը, որին նա սովորել էր ամուսնական կյանքի 20 տարիների ընթացքում: Ինքը՝ Բեռլուսկոնին, կին դատավորներին անվանել է «ֆեմինիստներ և կոմունիստուհիներ»:


Բեռլուսկոնիի փաստաբանները բողոքարկել են այդ որոշումը, և 2014 թվականին Միլանի վերաքննիչ դատարանը վճռել է կրճատել Լարիոյի ալիմենտների չափը մինչև ամսական 2 միլիոն եվրո: Սակայն նախկին վարչապետը որոշել է չբավարարվել ձեռքբերածով և դիմել է Իտալիայի վճռաբեկ գերագույն դատարան:


Երեքշաբթի հրապարակված դատավճռում նշվում է, որ Բեռլուսկոնին «աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն է», և նրա եկամուտների և իր նախկին կնոջ եկամուտների տարբերությունը «զգալի է»: Այդ առնչությամբ դատարանը որոշել է անփոփոխ թողնել ալիմենտների չափը, որը միլիարդատերը պետք է ամեն ամիս վճարի իր նախկին կնոջը: