«Միասին առաջ». Հիլարի Քլինթոնը հայտարարել է նոր քաղաքական կազմակերպության ստեղծման մասին

10:21 • 16.05.17

ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունից նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է նոր քաղաքական կազմակերպության ստեղծման մասին՝ նախընտրական արշավի ժամանակ իր առաջարկած նախաձեռնությունների աջակցության նպատակով: Համապատասխան հայտարարությունը նա հրապարակել է Twitter-ի իր էջում, հայտնում է ТАСС-ը:


Նոր կազմակերպությունը ստացել է Onward Together անվանումը («Միասին առաջ»):


«Մենք գործարկում ենք Onward Together-ը, որպեսզի մարդիկ ոգեշնչվեն և մասնակցեն քաղաքական գործընթացներին, համակարգեն իրենց գործողությունները և անգամ ընտրություններին իրենց թեկնածություններն առաջադրեն»,- գրել է Քլինթոնը:


Onward Together-ի պաշտոնական կայքում նշվում է, որ նրա խնդիրը գաղափարների առաջխաղացումն է, որոնք նախագահական ընտրություններում պաշտպանել է մոտ 66 միլիոն մարդ, ով քվեարկել է Քլինթոնի, ինչպես նաև ընդհանուր առմամբ «առաջադեմ արժեքների» համար: