ԱՄՆ-ում ոստիկանները սոցցանցում ուղիղ հեռարձակմամբ ցուցադրել են փախչող կասկածյալին սպանելու պահը (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոնգ Բիչ քաղաքում ոստիկանության աշխատակիցները կրակել են տղամարդու ուղղությամբ, որին կասկածել են ֆուրգոն առևանգելու համար: Ստացված վնասվածքից տղամարդը մահացել է: Միջադեպն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվել է ոստիկանության՝ սոցցանցերից մեկում ունեցած էջում:
The Daily Mail-ը գրում է, որ տղամարդն ու մի կին կասկածվել են ֆուրգոն առևանգելու համար, և ոստիկանությունը հետևել է նրանց: Երկաթուղու մոտ հասնելուն պես կասկածյալները դուրս են եկել ֆուրգոնից և սկսել վազել ծառապատ տարածքի միջով: Մի քանի րոպե անց նրանք սկսել են վազել երկաթուղու երկայնքով:
Տղամարդը, նկատելով ոստիկաններին, ձեռնոց է հագել, զենք հանել պայուսակից և պարզել այն նրանց ուղղությամբ: Այդ պահին ոստիկանները կրակել են տղամարդու վրա, ինչի հետևանքով նա մահացել է:
Նշվում է, որ միջադեպից հետո կինը պատսպարվել է մոտակայքում գտնվող շինության մեջ: Ոստիկանները շրջափակել են շինությունը, և մի քանի ժամ անց կինն ինքնակամ հանձնվել է:
Ոստիկանների համաձայն՝ գործողության ընթացքում իրենցից ոչ ոք չի տուժել:

















