Հունաստանը մնացել է առանց նորությունների և նավագնացության. լրագրողներն ու նավաստիները գործադուլ են անում
Հունաստանը երեքշաբթի մնացել է առանց նորությունների և նավագնացության: Պետական և մասնավոր ԶԼՄ-ների լագրողներն անցկացնում են 24 ժամ տևողությամբ, իսկ ծովագնացները՝ 48 ժամ տևողությամբ գործադուլ՝ ի նշան տնտեսման նոր միջոցների դեմ բողոքի: Բացի այդ, մետրոյի և ավտոբուսների վարորդների գործադուլների պատճառով դժվար է լինելու հասնել Աթենքի միջազգային օդանավակայան, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ԶԼՄ-ների գործադուլը սկսվել է մայիսի 16-ի առավոտյան ժամը 6-ին և կանցկացվի խորհրդարանում օրենքի նախագծի վերաբերյալ սպասվող քվեարկության առնչությամբ մայիսի 17-ին հայտարարված համընդհանուր գործադուլի շրջանակում: Հունաստանի խորհրդարանը մայիսի 18-ին քվեարկելու է օրենքի նախագծի շուրջ, որը նախատեսում է 2019 թվականից կենսաթոշակների և աշխատավարձերի նոր կրճատում և հարկերի բարձրացում, սոցիալական նպաստների կրճատում և զանգվածային կրճատումներ, ինչպես նաև ենթադրում է բարեփոխում էներգետիկայի ոլորտում և որոշում 2018-2021 թվականների ֆինանսական ռազմավարությունը:
Մայիսի 16-ին ժամը 00:00-ից գործադուլ են անում հույն ծովագնացները, ինչի առնչությամբ դադարեցված է նավերի երթևեկությունը Հունաստանի ամբողջ տարածքում: Բոլոր նավերը կայանված են մնում հունական նավահանգիստներում, իսկ հունական կղզիները երկու օրով կտրված են լինելու իրարից։










