Լրջորեն մտահոգված ենք Հս. Կորեայի հրթիռային տեխնոլոգիաների զարգացմամբ. Ճապոնիայի վարչապետ
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն մտահոգություն է հայտնել Հյուսիսային Կորեայում միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների տեխնոլոգիաների զարգացման առնչությամբ և հայտնել Փհենյանի վրա «ուժեղ ճնշում» գործադրելու անհրաժեշտության մասին:
«Հրթիռի թռիչքի բարձրությունն առաջին անգամ հասել է 2 հազար կիլոմետրի: Մենք լրջորեն մտահոգված ենք այն հանգամանքով, որ Հյուսիսային Կորեայում կշարունակեն զարգանալ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների տեխնոլոգիաները: Այս մտահոգություններով անհրաժեշտ է կիսվել, օրինակ, «մեծ յոթնյակի» երկրների հետ (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա, Ճապոնիա) և ուժեղ ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի վրա», - Աբեի հայտարարությունը մեջբերում է NHK հեռուստաալիքը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, մայիսի 13-ի լույս 14-ի գիշերը Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել, որն ընկել է Ռուսաստանի Պրիմորյե երկրամասի ափերից 100 կմ հեռավորության վրա: Արձակումից հետո հրթիռը բարձրացել է առավելագույնը 2 հազար կմ բարձրության վրա ու անցել 700 կմ: Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարել են, որ այս փորձարկման միջոցով ցանկացել են ստուգել նորաստեղծ բալիստիկ հրթիռի հնարավորությունները:










