6-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստը վարելն ինձ համար ուրախ և պատվաբեր իրադարձություն է. Կնյազ Հասանով
Որպես ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր ընտրված Կնյազ Հասանովն ինչ-որ առումով պատմական է համարում այն, որ որպես ամենատարեց պատգամավոր վարելու է մայիսի 18-ին մեկնարկող 6-րդ գումարման ԱԺ նիստը:
«6-րդ գումարման Ազգային ժողովի նիստը վարելն ինձ համար պատվաբեր և ուրախ իրադարձություն է, ինչ-որ տեղ՝ առաքելություն է քուրդ և իմ հայ ժողովրդի համար, որովհետև ես հայ եմ, դաստիարակվել եմ հայ ժողովրդի մեջ, հայ ժողովրդի կողմից: Կրթություն եմ ստացել և այլն: Դրա համար, ուզում եմ ասել, որ Հայաստանն այս սահմանադրական փոփոխություններով մեկ անգամ ևս ապացուցեց, որ ժողովրդավարական պետություն է, որ այստեղ հարգվում են՝ մարդու իրավունքները, ազգային փոքրամասնությունների շահերը: Եվ անկախության տարիներից մինչև հիմա Ազգային ժողովում չկար ազգային փոքրամասնության ներկայացուցիչ: Հիմա մեզ համար մեծ պատիվ է, որ ազգային ժողովի 4 ներկայացուցիչ լինելու են ԱԺ-ում»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Կնյազ Հասանովը:
Նա ասաց, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները լինելու են շատ ակտիվ, ամեն ինչ անելու են իրենց կրթության, մշակույթին առնչվող հարցեր բարձրացնելու համար:
Անձամբ Կնյազ Հասանովի օրենսդրական նախաձեռնություններն ուղղված են լինելու քուրդ, համայնքներին հուզող խնդիրներին:
«Բա, իհարկե, այնտեղ կան հանձնաժողովներ՝ կրթության, առողջապահության, տարբեր… կտեսնենք, թե որ հանձնաժողովներում, որ մեզ ձեռնտու.. որ հանձնաժողովը, որ կարող է մեզ օգտակար լինել, կլինենք այնտեղ, որ կարողանանք համայնքին օգտակար լինել: Կրթությունը դասագրքերն են, կրթությունը ուսուցիչների վերապատրաստումն է»,-ասաց Կնյազ Հասանովը:
Հիշեցնենք, որ Հայաստանում 83-84 տարի արդեն Հայաստանում լույս է տեսնում քրդերենով հրատարակվող «Ռյա-Թազա» թերթը, և հայերենով լույս տեսնող «Զագրոս» թերթը, տպագրվում են նաև դասագրքեր:
«Մեր դասագրքերը կառավարության որոշումով ֆինանսավորվել են Կրթության նախարարության կողմից և մենք 4-5 տարիների ընթացքում մեր գրող Ալիխանե Մամեի կողմից կարողացանք հրատարակել բազմաթիվ դասագրքեր. Այբբենարան, և 12 դասագրքեր՝ լեզու, գրականություն»,-ասաց նա:










