Լավրովն ու Թիլերսոնը Սիրիայի հարցով կոնկրետ ծրագրի շուրջ չեն պայմանավորվել

01:19 • 16.05.17

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մայիսի 10-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում չեն համաձայնեցրել կոնկրետ ծրագիր, որը թույլ կտար նպաստել սիրիական խաղաղ կարգավորմանը։ Այս մասին այսօր հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Մերձավոր Արևելքի հարցերով օգնական Ստյուարտ Ջոնսը, գրում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը:

«Պետքարտուղարն ու արտգործնախարարը արդյունավետ զրույց են ունեցել, նրանք քննարկել են, թե ինչպես կարելի է առաջընթաց գրանցել Սիրիայի հարցում։ Պետքարտուղարն ընդունել է, որ ՌԴ ու ԱՄՆ-ի միջև հարաբերություններն այժմ ցածր մակարդակի վրա են»,- ասել է դիվանագետը, նշելով, որ Վաշինգտոնում հույս ունեն, որ սիրիական խնդրի շուրջ Մոսկվայի հետ շփումները կբարելավվեն։

«Սակայն նրանք կոնկրետ միջոց չեն համաձայնեցրել, որն ուղղված կլիներ Սիրիայում վայրագությունների դադարեցմանն ու թույլ կտար առաջ շարժվել ժնևյան բանակցություններում»,- նշել է Ջոնսն՝ ավելացնելով, որ ԱՄՆ-ն աջակցում է բանակցությունները Ժնևում և կողմ է Սիրիայում հակամարտության քաղաքական կարգավորմանը։