Որդիս զբաղվել է սպորտով, ծառայության ընթացքում էլ որևէ խնդիր չի ունեցել. ժամկետային զինծառայողը 15 օր է անգիտակից վիճակում է

13:40 • 16.05.17

Արարատի մարզի Եղեգնավան գյուղի բնակիչ, Հադրութում ժամկետային ծառայության մեջ գտնվող Դավիթ Թադևոսյանը արդեն 15 օր է գտնվում է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում՝ անգիտակից վիճակում:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Թադևոսյանի մայրը՝ Հասմիկ Թադևոսյանը.«Որդիս առողջ է եղել, որևէ խնդիր չի ունեցել, այժմ էլ գտնվում է զինվորական հոսպիտալի մասնագետների ու Պաշտպանության նախարարության հոգածության ներքո և ուշադրության կենտրոնում: Թե ինչից է նման անհայտ առողջական խնդիրներ առաջացել որդուս մոտ դեռ հայտնի չէ»:

Հասմիկ Թադևոսյանն ասաց, որ որդին սպորտսմեն է եղել և մինչև բանակ զորակոչվելը, բանակում ևս ոչ մի առողջական խնդիր չի ունեցել.«Մուայ թայ մարզաձևով էր զբաղվում, այնուհետև հաճախեց մարտեր առանց կանոնների մարզաձևին: Առողջ զորակոչվել է բանակ, այնտեղ ևս շարունակում էր մարզվել, սակայն ինձ լսելով՝ ժամանակավորապես դադարեցրեց»:

Դավիթի մայրն ասաց, որ որդի հուլիսին պետք է զորացրվի, ծառայության ընթացքում ոչ մի խնդիր չի ունեցել.« Բժիշկներն ասում են, որ նրա մոտ ախտորոշվել է էպիլեպտիկ ստատուս, բայց թե ինչու, ոնց ոչ ոք չգիտի»:

Հասմիկ Թադևոսյանի խոսքով՝ ինքը շնորհակալ է իրականացվող բուժման և հոգածության համար, սակայն որդուն ցանկանում է  առողջ տեսնել.«Հայրը մահացել է մի քանի ամիս առաջ, որդուս սպասում էի, որ առողջ վերադառնա բանակից, մեր ընտանիքի հույսն է»: