Թիլերսոնը հերքել է, որ Թրամփը գաղտնի տեղեկություն է տրամադրել Լավրովին, իսկ ռուսական կողմն ընդհանրապես չի մեկնաբանել նման լուրերը
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հերքել է, որ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը գաղտնի տեղեկություն է տրամադրել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, իսկ ռուսական կողմն ընդհանրապես չի մեկնաբանել նման լուրերը:
Հիշեցնենք, որ Washington Post-ը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի որոշ ներկայացուցիչների, գրել էր, թե Թրամփը ՌԴ արտգործնախարար Լավրովի և Միացյալ նահանգներում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ բանակցությունների ընթացքում, որոնք տեղի են ունեցել անցյալ շաբաթ Վաշինգտոնում, ամենայն հավանականությամբ կիսվել է վերին աստիճանի գաղտնի տեղեկատվությամբ:
Պաշտոնյաները շեշտել էին, որ ԱՄՆ-ի գործընկերն իր տրամադրած տեղեկությունը Ռուսաստանի հետ կիսելու թույլտվություն չի տվել Թրամփին: Ըստ վարչակազմի ներկայացուցիչների՝ Լավրովին նման տեղեկատվությամբ ապահովելով՝ Թրամփը վտանգում է համագործակցությունն այն գործընկերոջ հետ, որն ուղիղ մուտք ուներ Իսլամական պետության ներքին գործերին:










