Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ տեղեկատվությամբ կիսվելու «բացարձակ իրավունք» ունի

17:17 • 16.05.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բացարձակ իրավունք ունի կիսվել գաղտնի տեղեկատվությամբ Ռուսաստանի հետ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Ավելի վաղ երեքշաբթի The Washington Post թերթը հայտնել էր, որ Թրամփը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն «Իսլամական պետությանը» վերաբերող գաղտնի տեղեկատվություն է բացահայտել:


«Որպես նախագահ՝ ես կցանկանայի Ռուսաստանի հետ կիսվել ահաբեկչության և թռիչքների անվտանգության վերաբերյալ փաստերով, ես դա անելու բացարձակ իրավունք ունեմ»,- գրել է Թրամփը Twitter-ում՝ արձագանքելով այդ հրապարակմանը:


ԱՄՆ նախագահը բացատրել է, որ ցանկանում է օգնել Ռուսաստանին, որպեսզի նա ուժեղացնի պայքարն «Իսլամական պետության» և Սիրիայում ահաբեկչության դեմ: Նա նաև վկայակոչել է «մարդասիրական նկատառումները»:


The Washington Post-ի տվյալներով՝ Թրամփը կիսվել է «խիստ գաղտնի տեղեկատվությամբ», երբ անցած շաբաթ հանդիպել է Լավրովի և Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ:


Ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդականի տեղակալ Դինա Փաուելը, ով նույնպես մասնակցել է այդ հանդիպմանը, ավելի վաղ Թրամփի կողմից գաղտնի տվյալներ բացահայտելու մասին տեղեկատվությունը սուտ է անվանել: Նրա խոսքով՝ հանդիպմանը քննարկվել են միայն Ռուսաստանի և ԱՄՆ-ի համար ընդհանուր սպառնալիքները: