Թրամփին ասացի, որ եթե Սիրիայի քրդերը հարձակվեն՝ ոչ ոքի չենք հարցնի` կպատժենք. Էրդողան

10:13 • 18.05.17

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վաշինգտոն այցից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած առաջին հանդիպման վերաբերյալ մի շարք հարցերի։

Ինչպես փոխանցում է թուրքական diken.com.tr կայքը, Էրդողանը նշել է, որ Թուրքիան և ԱՄՆ-ն վճռական են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում, մինչդեռ Սիրիայի տարածքում քրդերի ազգային ինքնապաշտպանության ջոկատների՝ YPG-ի հարցում նրանց տարաձայնությունները մնում են չլուծված։

Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատներին (YPG) զենք տրամադրելու մասին որոշումը, որը խիստ հակազդեցության է արժանացել Թուրքիայում:

«Ես բացահայտ ասացի պարոն Թրամփին, որ եթե YPG-ն մեր սահմանի ուղղությամբ հարձակողական գործողություններ ձեռնարկի՝ մենք ոչ ոքի չենք հարցնի` պատժիչ գործողություններ կկիրառենք։ Թուրքիան բացահայտ ասել է, թե ինչ է պատրաստվում անել», - ասել է Էրդողանը։

Ավելի վաղ Թուրքիայի կառավարությունը կոչ է արել Վաշինգտոնին «հետ կանգնել բռնած սխալ ուղուց» և նշել, որ այն համոզմունքը, թե «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը կարող է արդյունավետ լինել միայն քուրդ զինյալների հետ համագործակցելու պարագայում, իրականության հետ ոչ մի կապ չունի: