Ներկայացուցիչների պալատն Ասադին աջակցելու համար ՌԴ-ի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման օրինագիծ է ընդունել

11:08 • 18.05.17

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծ, որը ենթադրում է Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների սահմանում՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի վարչակազմին ֆինանսական և ռազմական աջակցություն տրամադրելու համար:

«Ասադի՝ մարդկության դեմ իրագործված հանցագործությունները չեն կարող անպատիժ մնալ: Նոր պատժամիջոցների օգնությամբ մենք կշարունակենք ճնշում գործադրել սիրիական ռեժիմի ու դրա ամենաակնառու աջակիցների՝ այդ թվում նաև Ռուսաստանի և Իրանի նկատմամբ»,-նշել է Ներկայացուցիչների պալատի նախագահ Փոլ Ռայանը:

Աղբյուրը մանրամասնում է, որ օրինագիծը քննարկվելու է Սենատում, ապա ուղարկվելու է Սպիտակ տուն՝ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրության համար:

Նշվում է, որ ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին կոչ էր արել Մոսկվային վերջ տալ Ասադի ռեժիմին աջակցելուն ու ճանաչել նրա կողմից իրագործված հանցագործությունները: