Ինչպես են թուրքական լրատվամիջոցներն արձագանքել Վաշինգտոնում ցուցարարների վրա Էրդողանի թիկնապահների հարձակմանը

12:46 • 19.05.17

Թուրքական լրատվամիջոցները նույնպես ուշադրության կենտրոնում են պահում օրեր առաջ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում էրդողանամետ խմբի՝ խաղաղ ցուցարարների վրա հարձակման միջադեպը։

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտակայքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի դեմ բողոքող խաղաղ ցուցարարների խումբը հարձակման էր ենթարկվել էրդողանամետ խմբերի կողմից։ The Washington Post-ի հաղորդմամբ՝ տեղի ունեցած բախումների հետևանքով ինը մարդ էր վիրավորվել, նրանք տեղափոխվել էին հիվանդանոց: Նրանցից առնվազն մեկը ծանր վիճակում է: 

Սպիտակ տանն Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման ընթացքում անցկացված ցույցը կազմակերպել էին մի շարք կազմակերպություններ, որոնց թվում են եղել նաև Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը և Ամերիկյան հելենական խորհուրդը: Ցույցին մասնակցել են մի շարք այլ խմբեր, որոնց թվում են եղել հայկական, հունական, քրդական և ասորական համայնքների ներկայացուցիչներ: Ինչպես Facebook-ի իր էջում գրել էր Հայ դատի ամերիկյան հանձնախումբը, քուրդ, եզդի և հայ ցուցարարների վրա հարձակված Էրդողանի աջակիցները, դեպքի վայրից տեղեկությունների համաձայն, պարզապես ցուցարարներ չէին, այլ հատուկ պատրաստություն անցած անձինք, որոնք եղել են Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության ծառայությունից:

Թուրքական իշխանամետ մամուլը հիմնականում միջադեպը ներկայացրել է որպես Թուրքիայում ահաբեկչական հայտարարված «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման աջակիցների և Թուրքիայի նախագահի թիկնազորի անդամների միջև բախում։ Հայ ակտիվիստների մասին անդրադարձեր չեն կատարվել։

Թուրքական OdaTV հեռուստաընկերության կայքը, օրինակ, գրում է, որ Թուրքիայի դեսպանին դուր չի եկել Թրամփ-Էրդողան հանդիպումից առաջ դեսպանատան դիմաց հավաքված քրդամետների բողոքի ակցիան, և երբ կողմերի միջև լարվածություն է նկատվել, Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը, մոտենալով տեղում կանգնած ոստիկաններին, ասել է. «Այս ամենը դուք եք թույլ տալիս»։

Հեռուստաալիքը նաև արյունահոսող գլխով տղամարդուն անվանել է էրդողանամետների խմբի անդամ և պնդել, որ «տուժողը թուրքական կողմն է եղել»։

Թուրքական «Սյոզջու» պարբերականն էլ, իր հերթին, նշել է, որ բողոքի ակցիայի մասնակիցները բարձրացրել են Թուրքիայում ահաբեկչական համարվող քրդական խմբավորման դրոշակները, իսկ նրանց հետ կռվի մեջ մտած թուրքերի՝ Էրդողանի անձնական թիկնազորի անդամ լինելու փաստը համարել վիճելի։

Թուրքիայի ընդդիմադիր լրատվամիջոցները, սակայն, դեպքը համարել են մեծ սկանդալ և միջադեպը որակել «խայտառակ»։

Թուրքական diken.com.tr կայքը հաստատել է, որ ցուցարարների վրա հարձակվողները հենց նախագահի թիկնազորից են եղել։ 

Իր հերթին, թուրքական t24.com.tr կայքն «Էրդողանի թիկնազորը ցուցարարների ակցիան խոչընդոտել է բռունցքով, միջամտել են ամերիկացի ոստիկանները» վերնագրով հոդվածում ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ լարվածությունն աճել է, երբ Թուրքիայի դեսպանը դուրս է եկել դեսպանատան շենքից և մոտեցել ոստիկաններին։

Թուրքական մի շարք ընդդիմադիր լրատվամիջոցներ նաև տարածել են այն տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է նախագահ Էրդողանը հեռվից դիտում՝ ինչպես են իր անվտանգության աշխատակիցները Վաշինգտոնում հարձակվում խաղաղ ցուցարարների վրա: