Այդ հեքիաթները կարող են հրամցնել թուրք ժողովրդին, բայց ԱՄՆ-ում դա չի անցնում. թուրք սյունակագիրը Վաշինգտոնում ծեծկռտուքի մասին
Թուրքական diken.com.tr կայքի սյունակագիրներից Ամբերին Զամանն անդրադարձել է ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքին:
Ըստ Զամանի՝ թուրքական կողմի կատարած այս անխոհեմ քայլն է՛լ ավելի գցեց Թուրքիայի՝ առանց այդ էլ ընկած հեղինակությունը և առաջացրեց միջազգային հանրության համակրանքը քրդերի հանդեպ:
Թուրքական կայքի սյունակագիրն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ հարձակումը ցուցարարների վրա սկսվել է, երբ Էրդողանի թիկնապահը կռացել է Էրդողանի մեքենայի պատուհանի մոտ, և Էրդողանը գլխով դրական նշան է տվել:
«Մինչդեռ թուրքական կողմը շարունակում է պնդել, որ հարձակման ենթարկվողն իրենք էին, այլ ոչ քրդերը: Մերոնք չեն հասկանում, որ այստեղ՝ Թուրքիայում, այդ հեքիաթները կարող են հրամցնել ժողովրդին, բայց ԱՄՆ-ում դա չի անցնում», - գրում է Զամանը:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտակայքում Էրդողանի ԱՄՆ այցի դեմ բողոքող խաղաղ ցուցարարների խումբը հարձակման էր ենթարկվել էրդողանամետ խմբերի կողմից։ The Washington Post-ի հաղորդմամբ՝ տեղի ունեցած բախումների հետևանքով ինը մարդ էր վիրավորվել, նրանք տեղափոխվել էին հիվանդանոց:
Սպիտակ տանն Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման ընթացքում անցկացված ցույցը կազմակերպել էին մի շարք կազմակերպություններ, որոնց թվում են եղել նաև Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը և Ամերիկյան հելենական խորհուրդը: Ցույցին մասնակցել են մի շարք այլ խմբեր, որոնց թվում են եղել հայկական, հունական, քրդական և ասորական համայնքների ներկայացուցիչներ: Ինչպես Facebook-ի իր էջում գրել էր Հայ դատի ամերիկյան հանձնախումբը, քուրդ, եզդի և հայ ցուցարարների վրա հարձակված Էրդողանի աջակիցները, դեպքի վայրից տեղեկությունների համաձայն, պարզապես ցուցարարներ չէին, այլ հատուկ պատրաստություն անցած անձինք, որոնք եղել են Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության ծառայությունից:










