Մոսկվայում փոթորկի հետևանքով զոհերի ընտանիքներին կարող են 1-ական մլն ռուբլի փոխհատուցում տալ (լուսանկարներ, տեսանյութեր)
Մոսկվայի իշխանությունները պատրաստվում են քննարկել մայիսի 29-ին տեղի ունեցած ուժգին փոթորկի հետևանքով զոհվածների ընտանիքներին ֆինանսական փոխհատուցում վճարելու հարցը:
Ինչպես նշում է ria.ru-ն, ընտանիքներից յուրաքանչյուրին վճարվելիք փոխհատուցման չափը կարող է հասնել 1 մլն ռուբլու:
Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել էր, որ փոթորիկը խլել է 11 մարդու կյանք, ևս 70-ը լուրջ տուժել են: Ըստ Մոսկվայի առողջապահության վարչության ղեկավար Ալեքսեյ Խրիպունի՝ փոթորկից հետո հոսպիտալացվել էր մոտ 150 մարդ, նրանցից 108-ը մնում են բուժհաստատություններում։
Քաղաքապետի մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ տարերային աղետի հետևանքով տապալվել է մոտ 3.500 ծառ: Բացի այդ, փոթորիկը վնասել է ավտոմեքենաները, էլեկտրափոխանցման լարերն ու երկաթուղային ճանապարհները:
Նշվում է, որ փոթորկի հետևանքների վերացման գործում ներգրավվել է կոմունալ ծառայությունների ավելի քան 35.000 աշխատող, ինչպես նաև ավելի քան 4.500 միավոր տեխնիկա:
















