Amnesty International-ը մտահոգված է Թբիլիսիում ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողի առևանգման առնչությամբ

12:25 • 31.05.17

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում Վրաստանի կառավարությանը հետաքննել Թբիլիսիում ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող և ակտիվիստ Աֆղան Մուխթարլըի առևանգման մասին գործը և պարզել, թե արդյոք դրան ներգրավված են Վրաստանի ուժային գերատեսչությունները:


Այդ մասին Վրաստանի հանրային հեռուստաընկերության «Մոամբե» տեղեկատվական ծրագրին տված հարցազրույցում հայտնել է Amnesty International կազմակերպության ներկայացուցիչ Լևան Ասատիանին, գրում է apsny.ge-ն:


Իրավապաշտպանը խոսել է արդեն Բաքվում կալանքի տակ գտնվող Աֆղան Մուխթարլըի փաստաբանի հետ:


«Ինչպես երևում է՝ Վրաստանի կառավարական գերատեսչությունները ներգրավված են եղել այդ գործողությանը: Փաստաբանն արդեն այցելել է լրագրողին: Նա հայտարարել է, որ Թբիլիսիի կենտրոնից նրան առևանգել են քաղաքացիական հագուստով և վրացերեն խոսող անձինք: Նրանք մտցրել են նրան մեքենան և դուրս բերել Թբիլիսիի սահմաններից: Այնուհետև նրան դաժան ծեծի են ենթարկել, կապել են աչքերը և նստեցրել մեկ այլ մեքենա, և Ադրբեջանի հետ սահմանին նստեցրել են երրորդ մեքենան, որտեղ խոսել են ադրբեջաներեն»,- ասել է նա:


Լրագրողի խոսքով՝ ադրբեջաներեն խոսող անձինք նրա մեքենայի մեջ խոշոր գումար են դրել, և այժմ Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրում են գումարի անօրինական տեղափոխման և սահմանն ապօրինի հատելու համար:


«Amnesty International»-ը մտահոգված է լրագրողի ծեծի փաստի առնչությամբ, այդ պատճառով միջազգային կազմակերպությունը կոչ է անում Վրաստանի կառավարությանը հնարավորինս արագ հետաքննել այդ գործը և պարզել, թե արդյոք դրան ներգրավված են ուժային կառույցները, Վրաստանի քաղաքացիները կամ Վրաստանի իրավասության տակ գտնվող անձինք»,- հայտարարել է Լևան Ասատիանին:


Ադրբեջանցի լրագրողի փաստաբան Նեյմաթ Քերիմլին մեղադրում է վրացական կողմին միջազգային իրավունքը խախտելու համար: Նեյմաթ Քերիմլին հայտարարել է, որ ընդդիմադիր լրագրողի փոխանցումն Ադրբեջանին միջազգային նորմերի խախտում է Վրաստանի իշխանությունների կողմից, և նրանք հայց կներկայացնեն Վրաստանի դեմ:


Ավելի վաղ հաղորդվել է, որ Թբիլիսիում անհետացել է ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլըն: Լրագրողի մտերիմները մտավախություն են ունեցել, որ հնարավոր է՝ Մուխթարլըին ձերբակալել են ադրբեջանական իշխանությունները: Մուխթարլըն հայտնի է ադրբեջանական իշխանությունների քաղաքականությանն ուղղված քննադատությամբ: