Ադրբեջանում դատարանը 3 ամսով կալանավորել է Թբիլիսիում առևանգված և Բաքու տեղափոխված ընդդիմադիր լրագրող Մուխթարլըին

10:33 • 01.06.17

Բաքվի Սաբաիլի շրջանային դատարանն ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլըին երեք ամսով կալանավորելու որոշում է կայացրել: Այդ մասին Turan գործակալությանը հայտնել է փաստաբան Էլչին Սադիգովը:


Նրա խոսքով՝ Մուխթարլըին նոր մեղադրանք է ներկայացվել՝ սահմանապահի նկատմամբ բռնության կիրառմամբ դիմադրություն ցույց տալու վերաբերյալ:


Մուխթարլըի փաստաբանի խոսքով՝ լրագրողը պատմել է, որ իրեն ձերբակալած մարդիկ եղել են Վրաստանի քրեական ոստիկանության աշխատակիցների համազգեստով:


Փաստաբանը նշել է, որ պաշտպանությունը կբողոքարկի կալանքի որոշումը:


Ադրբեջանցի լրագրողին առևանգել են Թբիլիսիում մայիսի 29-ին և գաղտնի տեղափոխել Ադրբեջան: Ադրբեջանում նրան ներկայացվել են սահմանն ապօրինի հատելու և մաքսանենգության մեղադրանքներ:


Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել ադրբեջանցի լրագրողի գործի առնչությամբ:


Մուխթարլըն հայտնի է ադրբեջանական իշխանությունների քաղաքականությանն ուղղված քննադատությամբ:


Ավելի վաղ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ էր արել Վրաստանի կառավարությանը հետաքննել Թբիլիսիում ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող և ակտիվիստ Աֆղան Մուխթարլըի առևանգման մասին գործը և պարզել, թե արդյոք դրան ներգրավված են Վրաստանի ուժային գերատեսչությունները:


«Ինչպես երևում է՝ Վրաստանի կառավարական գերատեսչությունները ներգրավված են եղել այդ գործողությանը: Փաստաբանն արդեն այցելել է լրագրողին: Նա հայտարարել է, որ Թբիլիսիի կենտրոնից նրան առևանգել են քաղաքացիական հագուստով և վրացերեն խոսող անձինք: Նրանք մտցրել են նրան մեքենան և դուրս բերել Թբիլիսիի սահմաններից: Այնուհետև նրան դաժան ծեծի են ենթարկել, կապել են աչքերը և նստեցրել մեկ այլ մեքենա, և Ադրբեջանի հետ սահմանին նստեցրել են երրորդ մեքենան, որտեղ խոսել են ադրբեջաներեն»,- ասել էր Amnesty International կազմակերպության ներկայացուցիչ Լևան Ասատիանին։