Դա իսկական գազանություն էր. Լոնդոնի կրկնակի ահաբեկչության ականատեսները պատմել են տեսածի մասին (լուսանկարներ)

15:33 • 04.06.17

Հունիսի 3-ի երեկոյան Լոնդոնում տեղի է ունեցել կրկնակի ահաբեկչություն, որի ականատեսները The Guardian պարբերականի հետ զրույցում պատմել են տեսածի մասին:

Աղբյուրը նկատում է, որ ահաբեկչությունների իրականացման պահին քաղաքը մարդաշատ է եղել: Շատերը բացօթյա սրճարաններում հետևելիս են եղել ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին:

«Մենք դրսում հովանոցների տակ նստած էինք, երբ միկրոավտոբուսը դուրս եկավ Լոնդոնի կամրջի մայթի վրա: Բոլոր սկսեցին վազել: Ես տեսա արնաշաղախ տղամարդու, բայց չգիտեի՝ ով էր նրան վիրավորել: Մենք ևս վազեցինք ապահով վայր գտնելու, թաքնվելու նպատակով, բայց մեզ չհաջողվեց: Վայրկայններ անց գետնին ընկած ու արնահոսող կնոջ տեսա»,-նշել է Բեթանի Աթքինը:

 

 

Ականատեսներից մյուսը՝ Ուիլ Հևենը, պատմել է, որ կամրջի վրա մարդիկ խմբվել էին վիրավորների շուրջ, երթևեկությունը կաթվածահար էր եղել:

«Ամենուրեք քարոս էր, մարդիկ բղավում էին»,-շարունակել է տղամարդը:

Մարկ անունով մեկ այլ ականատես պատմել է, որ ահաբեկիչների միկրոավտոբուսը վրաերթի է ենթարկել մարդկանց, որոնք հարվածից մի քանի մետր վեր են թռչել ու գետնին ընկել:

 

 

Ջերալդ Վաուլսը պատմել է, որ ահաբեկիչներին կանգնեցնելու համար նրանց ուղղությամբ աթոռներ, ու ապակյա շշեր է նետել, ինչից հետո զինված անձինք շարժվել են իր ուղղությամբ:

«Մի քանի տղամարդ, դանակաները ձեռքներին, դուրս թռան միկրոավտոբուսից ու սկսեցին դանակահարել մարդկանց: Սկզբում հարվածում էին ոտքերով, հետո գործի դրեցին զենքը: Դա իսկական գազանություն էր»,-եզրափակել է մի այլ ականատես:

 

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Լոնդոնի ոստիկանությունը հրապարակել է հունիսի 3-ի երեկոյան Լոնդոնի կամրջի վրա և Բորո շուկայի տարածքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների զոհերի ստույգ թիվը, որը հասել է 7-ի:

Հայտնի է, որ երեկ երեկոյան անհայտ անձինք սպիտակ մեքենայով բարձր արագության տակ դուրս են եկել Լոնդոնի կամրջի՝ հետիոտների համար նախատեսված հատված՝ վրաերթի ենթարկելով մարդկանց: Այնուհետև որսորդական դանակներով զինված տղամարդիկ դուրս են եկել մեքենայից ու հարձակվել անցորդների վրա: Նմանատիպ հարձակումներ են տեղի ունեցել նաև Վոքսհոլ թաղամասի տարածքներում:

Միջադեպերից որոշ ժամանակ անց Լոնդոնի ոստիկանությունը Բորոյում և Լոնդոնի կամրջի վրա կատարվածն ահաբեկչական հարձակում է որակել՝ ընդգծելով, որ Վոքսհոլի միջադեպը դրանց հետ առնչություն չունի:

Հայտնի է նաև, որ Լոնդոնում մարդկանց վրա հարձակված բոլոր 3 ահաբեկիչները սպանվել են: