Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցի ուսուցչուհին պնդում է, թե իրեն և ամուսնուն անձնական խնդրով ազատել են աշխատանքից. տնօրենը հերքում է

21:42 • 05.06.17

Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցի նախապատրաստական դասարանի ուսուցչուհի Արևիկ Խոդերյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ իրեն և իր ամուսնուն դպրոցի տնօրենը` Արթուր Մարտիրոսյանը, աշխատանքից ազատել է անձնական խնդիրների պատճառով, այնինչ պատճառաբանում է, թե իր մասնագիտությունը զբաղեցրած աշխատանքին չի համապատասխանում:

Նա նշեց, որ ինքը ընդունվել է աշխատանքի երեք տարի առաջ և այս տարվա հունիսի 1-ի դրությամբ ազատվել է աշխատանքից: Արևիկ Խոդերյանը պատմեց, որ իր ամուսինը ևս` Թորոսյան Արմենը, աշխատում է նույն դպրոցում: «Մի քանի ամիս առաջ ընտանեկան ընդհարումներ եղան, անձնական խնդիր առաջացավ, որոնք նա գնալով բորբոքեց և մի քանի օրենք ոտնահարեց: Հունիսի մեկին երկուսիս հրավիրեց իր մոտ և մեր առաջ դրեց թղթեր, որ  գրենք հեռացման համար դիմում: Մենք դա չգրեցինք, քանի որ գիտենք, որ անձնական խնդիրը դպրոցի հետ կապելը սխալ է»,-ասաց նա և նշեց, որ դպրոցի տնօրենը նշել է, թե  իր վերադասը` թաղապետարանը, չի ցանկանում, որ իրենք աշխատեն այդ դպրոցում, թեև թաղապետարանը ի զորու չէ աշխատանքից ազատել, դա տնօրենի լիազորությունն է:

«Նա ինձ ազատում է աշխատանքից՝ հիմք ընդունելով, որ ես 2010 թվականին ավարտել եմ Մանկավարժական համալսարանի մագիստրատուրան, հանդիսանում եմ մագիստրոսի աստիճան ունեցող` անգլերեն լեզու մասնագիտությամբ: Նա պարզաբանեց, որ իմ կրթությունը չի համապատասխանում զբաղեցրածս պաշտոնին: Ես դասավանդում եմ անգլերեն, ռուսերեն, մայրենի լեզու: Եթե այդպես է, ապա նա նախ ինձ երեք տարի առաջ չպետք է ընդուներ աշխատանքի և նա ինձ պետք է ուղարկեր գոնե վերապատրաստման, եթե այդպիսի խնդիր կար»,-ասաց նա և նշեց, որ տնօրենը պետք է գոնե երկու ամիս առաջ ծանուցեր, որ աշխատանքից ազատելու է, իսկ այս կերպ ոտնահարել է մի քանի օրենքներ:

Բացի դրանից՝ ուսուցչուհին նկատեց, որ երեխաները մեկ ամիս հետո ավարտական հանդես ունեն  և դեռ ուսումնական տարին ավարտված չէ:  «Նաև ծնողները մոտեցել են իրեն` խնդրանքով թույլ տալ, որ գոնե ավարտեն տարին, սակայն տնօրենը մերժել է, նշելով, թե խնամի-ծանոթի իրավունք չունեն աշխատանքի ընդունել, թեև մենք ազգական չենք: Ծնողներն ասել են, որ երեխաները չեն ցանկանում ուրիշ ուսուցչի մոտ գնալ, իսկ տնօրենի պատասխանը եղել է` չեք ուզում, երեխաներին մի բերեք: Գրեթե հարյուր երեխա իր համար միևնույն է, իր անձնական ամբիցիոզ շահն ավելի մեծ է, քան դպրոցի շահը»,-ասաց նա:

Ի դեպ՝ ուսուցչուհին նշեց, որ ծնողները ևս իրենց բողոքի ձայնն են բարձրացրել տնօրենի որոշման դեմ: Ծնողներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ դիմել են ԿԳՆ թեժ գիծ, ստորագրահավաք են սկսել:

Արևիկ Խոդերյանը նշեց, որ ինքն անգամ պատրաստ է դիմել դատարան: Ինչ վերաբերում է ամուսնուն ազատելու պատճառին, ապա կինն ասաց, որ մի քանի անգամ նրան հունից հանել է և հրամանում մեկնաբանել է, թե վստահությունը կորցրել է:

Tert.am-ը պարզաբանում խնդրեց նաև Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն Արթուր Մարտիրոսյանից: Նա նշեց, որ թաղապետարանի կողմից ստուգումների արդյունքում պարզվել է, թե Արևիկ Խոդերյանի մասնագիտական որակավորումը չի համապատասխանում այն առարկային, որն ինքը դասավանդում է: Ինչ վերաբերում է հարցին, որ երեք տարի է, ինչ կինն այդ պաշտոնում աշխատում է, տնօրենը նշեց. «Ես նոր եմ հասկացել, որ այդքան չի համապատասխանում, սխալս ուղղում եմ: Ես մտածել եմ, որ  կարելի է, սակայն վերադասի կողմից ստուգումների արդյունքում պարզվել է, որ այդպիսի խնդիր կա»:

Անդրադառնալով օրենքի պահանջների կատարմանը՝ նա ասաց, որ գործել են աշխատանքային օրենսգրքով սահմանված կետերով և դրա համար գոյություն ունի դատարան, որտեղ կարող են դիմել և իրենց իրավունքները վերականգնել:

Հարցին, թե հնարավոր չէ՞ր ուսումնական տարին փակելուց հետո նման որոշում կայացնել, տնօրենը պատասխանեց, որ երևի թե, սակայն նշեց, որ երեխաներից քննությունը կվերցնեն այլ մասնագետներ: Նա նաև հերքեց, թե անձնական խնդրով է պայմանավորված Աստղիկ Խոդերյանին և ամուսնուն աշխատանքից ազատելը: