Համացանցում մեծ տարածում է գտել Լոնդոնի ահաբեկչության ժամանակ գարեջրով լի բաժակով վազող երիտասարդի պատկերող լուսանկարը
Twitter սոցկայքում լայն տարածում է գտել մի լուսանկար, որն արվել է Լոնդոնում տեղի ունեցած կրկնակի ահաբեկչության ժամանակ ու պատկերում է համընդհանուր խուճապի մեջ գարեջրով լի բաժակը ձեռքում վազող բրիտանացու:
Ինչպես նշում է Mashable-ը, լուսանկարն արդեն 94.000-ից ավելի հավանում է հավաքել: Ուշագրավ կադրը հրապարակած օգտատերը լուսանկարին կից գրել է.«Մարդիկ վազում են Լոնդոնի կամրջից, իսկ այս տղան գարեջրի գեթ մի կաթիլը չի թափել: Աստվա՛ծ, օրհնի՛ր բրիտանացիներին»:
Օգտատերերից մեկը մեկնաբանությունում նշել է, որ գարեջուրը Լոնդոնում այնքան թանկ արժե, որ իսկական բրիտանացին թույլ չէր տա, որ անգամ ահաբեկիչներն իրեն զրկեին այն վայելելու հաճույքից:
Մինչդեռ մյուս օգտատերերը հավելել են, որ այս բրիտանացին խիզախության խորհրդանիշ է:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Լոնդոնի ոստիկանությունը հրապարակել է հունիսի 3-ի երեկոյան Լոնդոնի կամրջի վրա և Բորո շուկայի տարածքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների զոհերի ստույգ թիվը, որը հասել է 7-ի:
Հայտնի է, որ հունիսի 3-ի երեկոյան անհայտ անձինք սպիտակ մեքենայով բարձր արագությամբ դուրս են եկել Լոնդոնի կամրջի՝ հետիոտների համար նախատեսված հատված՝ վրաերթի ենթարկելով մարդկանց: Այնուհետև որսորդական դանակներով զինված տղամարդիկ դուրս են եկել մեքենայից ու հարձակվել անցորդների վրա: Նմանատիպ հարձակումներ են տեղի ունեցել նաև Վոքսհոլ թաղամասի տարածքներում:
Միջադեպերից որոշ ժամանակ անց Լոնդոնի ոստիկանությունը Բորոյում և Լոնդոնի կամրջի վրա կատարվածն ահաբեկչական հարձակում է որակել՝ ընդգծելով, որ Վոքսհոլի միջադեպը դրանց հետ առնչություն չունի:
Հայտնի է նաև, որ Լոնդոնում մարդկանց վրա հարձակված բոլոր 3 ահաբեկիչները սպանվել են:











