Եթե ՌԴ բնակչության 12%-ն է Հայաստանը բարեկամ երկիր համարում, ապա ՀՀ-ում՝ 80%-ն է ՌԴ-ն ընկալում որպես բարեկամ պետություն. սոցիոլոգ

11:18 • 06.06.17

Ամենևին էլ զարմանալի չէ, որ Ռուսաստանի հանրության միայն 12 տոկոսն է Հայաստանը բարեկամ պետություն համարում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ, սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը:

Վերջինս ասաց, որ Հայաստանում, սակայն, պատկերը հակառակն է: Պողոսյանը նշեց, որ իրենց հարցումների համաձայն, որոնք արվում են 2 տարին մեկ, Հայաստանում Ռուսաստանը բարեկամ է համարում բնակչության շուրջ 80 տոկոսը: Ցուցանիշների նման տարբերությունը, սոցիոլոգի խոսքով, միանգամայն բնական են ու բացատրելի:

«Մարդկանց 80 տոկոսը դրական կարծիք ունի ՌԴ մասին, Ռուսաստանին համարում է բարեկամ պետություն: Այս ցուցանիշը տարիներ շարունակ, ի դեպ, չի փոխվում: Բնական է, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունը բարեկամ է համարում ՌԴ-ին, իսկ ՌԴ-ում միայն 12 տոկոսն է բարեկամ համարում: Սա զարմանալի չէ, որովհետև նման հարաբերությունները սիմետրիկ չեն լինում: ՌԴ-ում նախկինում էլ արվել են նման հետազոտություններ, որոնց համաձայն Բելառուսն է, որ ՌԴ ժողովրդի համար բարեկամ պետություն է համարվել:

Ժամանակին ռուսաստանցիների շարքում Վրաստանն էլ կար, բայց ներկայումս չկա: Հարավային Կովկասից առաջատարների շարքում միայն Հայաստանն է մնացել: Իսկ երկրի նշանակությունը ժողովրդի համար կապված է այդ երկրի մեծությունից, հզորությունից, տնտեսությունից, ուստի պետք չէ զարմանալ, որ Ռուսաստանի հանրության միայն 12 տոկոսն է Հայաստանին բարեկամ պետություն համարում»,- ասաց նա:

Նշենք, որ «Интерфакс»-ի փոխանցմամբ՝ «Լևադա-կենտրոն»ռուսական հետազոտական կազմակերպության անցկացրած հարցման համաձայն՝ Ռուսաստանի բնակչությունը մտերիմ բարեկամ է համարում Բելառուսին (46%), ապա Չինաստանին (39%) և Ղազախստանին (34%): Ռուսաստանի համար բարեկամական երկրների թվում են նաև Սիրիան (15%), Հնդկաստանը (14%), Հայաստանը (12%), Կուբան (11%), Ուզբեկստանը, Տաջիկստանը և Ադրբեջանը (9-ական %): Հարցումն անցկացվել էր մայիսի 19-22-ը,  Ռուսաստանի Դաշնության 137 բնակավայրերում՝ 1600 անձանց շրջանում։ 

Գևորգ Պողոսյանն ասաց, որ կարևոր է, որ Հայաստանը ռուսաստանցիների համար բարեկամ է համարվում, ոչ թե թշնամի: Սոցիոլոգը նկատեց, որ բնակչությունը վերաբերմունք է կազմում քարոզչական հոլովակներից, հեռուստատեսությամբ պետության մասին խոսելիս, հիշատակելիս և այլն: Ըստ նրա՝ 12 տոկոսը կարող էր ավելին լինել, եթե հայկական կողմը ավելի ակտիվ աշխատեր ՌԴ-ում: