ԱՄՆ-ն Հս. Կորեայի ափերից հեռացրել է ավիակիրներից 2-ը

10:55 • 06.06.17

Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչությունը հայտարարել է, որ Ճապոնական ծովից՝ Հյուսիսային Կորեայի ափերի մոտից, հեռացրել է 3 ռազմական ավիակրից 2-ը:

Ինչպես նշում է NHK–ն, խոսքը վերաբերում է «Կառլ Վինսոն» և «Ռոնալդ Ռեյգան» ավիակիրներին։


Պենտագոնը հայտնել է, որ այնուհանդերձ կշարունակեն հետևել հյուսիսկորեական ափերի մոտ շարժին:

Աղբյուրը հիշեցնում է, որ ամերիկյան ավիակիրները Հյուսիսային Կորեայի ափերի մոտ էին ուղղվել Կորեական թերակղզու շուրջ ճգնաժամային իրավիճակի ֆոնին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ Փհենյանի հետ խոշոր կոնֆլիկտի հավանականությունը մեծ է՝ չնայած, որ ինքը կնախընտրեր այդ հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով:


Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը սպառնացել է գերհզոր կանխարգելիչ հարված հասցնել Միացյալ Նահանգներին՝ այդ երկրի կառավարությանը նախազգուշացնելով «գործ չունենալ իրենց հետ»: Այնուհետև պետական լրատվամիջոցները հայտարարել են, որ Հյուսիսային Կորեան կարող է հաշված վայրկյանների ընթացքում երկրի երեսից ջնջել ԱՄՆ-ն ու իր թշնամուն մոխրի վերածել:


Միացյալ ազգերի կազմակերպությունում Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչ Կիմ Ին Ռյոնն ԱՄՆ-ին մեղադրել է Կորեական թերակղզում լարված իրավիճակ ստեղծելու համար՝ նախազգուշացնելով, որ ցանկացած պահի կարող է ջերմամիջուկային պատերազմ սկսվել: