Արջահովիտցի ամուսինների փայտաշեն տունն ամբողջությամբ այրվել է րոպեների ընթացքում՝ գույքով և անգամ ոսկեղենով հանդերձ
Մոտ մեկ ժամ առաջ Լոռու մարզի Արջահովիտ (Ղուրսալ) գյուղում Հակոբյան ամուսինների փայտյա ինքնաշեն տնակը վառվել է րոպեների ընթացքում, չնայած ողջ գյուղը փորձել է հանգցրել հրդեհը և անմիջապես տեղում են եղել ոստիկանության աշխատակիցները, հրշեջ մեքենաները։
Այս մասին Tert.am-ին հայտնած Արջահովիտի գյուղապետ Մհեր Մինասյանը մանրամասնեց. «Սաղ գյուղը այնտեղ էր, բայց չկարողացանք պաժառը հանգցնենք, վայրկյաններ տևեց։ Հնարավոր չէր մոտենալ, ամեն ինչ վառվել ա՝ տունը՝ իրա գույքով, դաժե ոսկեղենով»:
Հաղորդել էինք, որ այսօր՝ ժամը 10։40-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արջահովիտ գյուղում փայտյա տնակներ են այրվում, և անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը։
Գյուղապետը հայտնեց, որ տան բնակիչները մոտ 60-ին մոտ Համլետ և Ռայա Հակոբյաններն են և նրանցից մեկի մայրը:
Ամուսինները գյուղում ապրում էին 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո՝ ինքնաշեն փայտյա տնակում:
Գյուղապետն ինքը չգիտեր՝ ինչպես է լուծվելու այսօր դրսում մնացած ամուսինների կեցության հարցը. «Չգիտեմ, գնում եմ մարզպետարան, հետո կորոշենք»:










