Աֆղանստանում մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը 90-ից հասել է 150-ի

13:40 • 06.06.17

Աֆղանստանում մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը 90-ից հասել է առնվազն 150-ի: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Աշրաֆ Ղանին՝ Քաբուլը ցնցած պայթյունից մեկ շաբաթ անց, հայտնում է CNN-ը:


Հզոր պայթյունը տեղի էր ունեցել մայիսի 31-ին Քաբուլի դիվանագիտական թաղամասում՝ Գերմանիայի դեսպանատան և Աֆղանստանի նախագահական պալատի մոտակայքում:


Ղանին նշել է, որ պայթյունի հետևանքով առնվազն 300 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ կանայք և երեխաներ:


Աղբյուրը նշում է, որ այս պայթյունը դարձել է 2001 թվականին Աֆղանստանում պատերազմի սկսվելուց ի վեր Քաբուլում ամենաշատ զոհեր գրանցած հարձակումը:


Ռումբը պայթել է վաղ առավոտյան, քաղաքի ամենաբանուկ մասերից մեկում՝ մեծ խանութների հարևանությամբ, երբ փողոցներում բազմաթիվ քաղաքացիներ են եղել, այդ թվում՝ դպրոց գնացող երեխաներ: