Հայուհին կփորձի 3 օրում վազելով Վարդենիսից Հադրութ հասնել

12:59 • 06.06.17

Քառասուներկուամյա Թելմա Ղազարյան Ալթունը, որը մոլորակի տարբեր անկյուններում մարաթոնների մասնակցության հարուստ փորձ ունի, պատրաստվում է հունիսին մասնակցել իր համար առանձնահատուկ կարևորություն ունեցող մարաթոնի:

Ինչպես նշում է Asbarez-ը, խոսքը վերաբերում է ավելի քան 286 կմ հեռավորությամբ Վարդենիս (Հայաստան)-Հադրութ (Արցախ) մարաթոնին, որն անչափ կարևոր է Ալթունի համար, քանի որ անցկացվում է նրա պատմական հայրենիքում: Աղբյուրը նկատում է, որ հայուհու համար վաղեմի երազանք էր պատմական հայրենիքում մարաթոնի մասնակցելը:

Նշվում է, որ Ալթունը վազքը կսկսի Սևանա լճի մոտից ու կուղևորվի դեպի Հադրութ՝ ճանապարհին նվազագույն ժամանակ հատկացնելով քնին ու սնվելուն: Մարաթոնի ընթացքում հայուհին կանգ կառնի տարբեր բնակավայրերում՝ տեղացիներին ողջունելու ու նրանց հետ զրուցելու համար:

Ալթունը լիահույս է, որ իրեն կհաջողվի վերջնակետին հասնել 3 օրում: Նշվում է, որ մարաթոնի կազմակերպիչն ԱՄՆ-ում գրանցված Ճանապարհորդների հայկական ասոցիացիան է, որի կարծիքով՝ այս մարաթոնը հրաշալի առիթ կլինի Հայաստանի և Արցախի էկոզբոսաշրջության գովազդի համար:

Հայտնի է, որ մարաթոնի ժամանակ նրան հեծանվով ուղեկցելու է 2 մարդ, ինչպես նաև՝ 1 մեքենա:

«Ես փորձում եմ փոխհատուցել ազգիս: Ես աշխարհի տարբեր անկյուններով եմ վազել, բայց ոչ երբեք հայրենիքումս: Ժամանակն է, որպեսզի քրտինքս ու արցունքներս հայրենի հողի վրա թափեմ»,-նշել է վազորդուհին:

Ինչ վերաբերում է Ալթունի կյանքին, ապա նա ծնվել է Թեհրանում, սակայն ավելի ուշ տեղափոխվել է Միացյալ Նահանգներ: Այժմ կինն ունի 2 երեխա:

Իրականում նա միակ հայուհին է, որ միջազգային ասպարեզում զբաղվում է այս մարզաձևով: Նախորդ մարաթոնների ժամանակ Ալթունը հրաժարվել է հովանավորչության բազմաթիվ առաջարկներից ու սեփական գրպանից հոգացել անհրաժեշտ բոլոր ծախսերը, որպեսզի կարողանա վազքի ժամանակ հայկական եռագույնի պատկերով մարզաշապիկ կրել, մարաթոնի եզրագծի մոտ Հայաստանի ազգային դրոշը ծածանել ու աշխարհին ի տես հայտարարել իր ազգային պատկանելիության մասին: